1/30/2011

…….. և ոչնչանում է ժամանակը

   Քաղաքներ, փողոցներ, շենքեր…որքան մեծ էր տարածություննը իմ ու քո միջև:
     Քանի անգամ մտքով դուրս էի գալիս տանից ու ընկնում ճանապարհ…անցնում էի իմ ճանաչած փողոցները, քայլում ծանոթ մայրուղիով, հասնում ձեր քաղաքը ու…մոլորվելով մտքերիս մեջ, մի ակնթարթում ետ վերադառնում:
     Եվ քանի անգամ եմ այսպես ճանապարհորդել, քանի անգամ եմ կես ճամփից ետ դարձել…գիտե՞ս: Իհարկե գիտես: Վստահ եմ, գիտես:
 Երբ տապալելով  քաղաքները,  շենքերն ու բոլոր խոչընդոտները հասանք իրար ու նայեցինք միմյանց աչքերին, տեսա , որ  դու էլ ես  հոգնել քայլելուց:
   Մենք հաղթել ենք տարածությանը , բաժանմանը, ցավին, կարոտին…ու հաղթական էին մեր համբույրները: Ու փոքր սենյակում արհամարեցինք քաղաքների մեծությունը, որ բաժանել էր մեզ:
 Ու այդ պահին դժվար էր միայն կռահել գլխապտույտ առաջացնող գինի՞ն էր թունդ,  թե՞ մեր համբույրից այրվող շուրթերն էին թեժացրել գինին:
Վառվող մոմե՞րն էին լուսավորում մեր շնչով ջերմացրած սենյակը, թե՞ այդ մենք էինք  լուսավորել աշխարհը մեր վերգտած սիրով:
Մեզ համար ամեն ինչ այնքան պարզ էր ու դյուրընկալելի, որքան հեքիաթները մանուկների համար:
  Միայն մի հարց մնաց օդում. այդ երգի՞չն էր մեր հանդիպումից հուզված նոր բառեր հորինում , թե՞ մենք էինք առաջին անգամ լսում մեր տարիներով լսած ու այդքան սիրած երգը. “ You’re so beautiful to me” …
   Ժամանակ կա դեռ հասկանալու. եթե տարածությանը հաղթել ենք , ժամանակին էլ կհաղթենք: 

You're so beautiful to me....

1/26/2011

Երբ կսկիծն է դառնում անտանելի, ասում են, թե մոտենում է նրա վերջը: Պ.Սևակ


Հոգումս խուլ ցավ կա…Ցավն այդ հոգու խորքից է, ժամանակի խորքից…Այդ ցավը իմն է, թերևս, ես էլ այդ ցավին եմ պատկանում իմ ողջ էությամբ:
Այն նման է…ատամնացավի. Երբ ողջ մարմնիդ  կենտրոնն է դառնում մի աննշան մասնիկ ու զբաղեցնում մտքերդ:
Ես սովորել եմ դրան, հարմարվել, ընտելացել…
    Այսօր էլ ցավում է հոգիս ` ուժեղ քան երբևէ, բայց ես ժպտում եմ, ինչպես ատամնաբուժարանում, երբ բժշկի ձեռքի տակ ատամն են զգումէ վեջին անգամ:
   Այսօր ցավն այդ հաճելի է ինձ, քանզի նույն այդ հոգով զգում եմ, որ վերջը մոտ է. ցավի՞ թե՞….
 
                                 Կարծում եմ ցավի:

1/16/2011

..........


Մի բան պակաս է.
Սխալ է մի բան:
Սիրտս դատարկ է.
Ասա ինչ-որ բան…
Մի լռիր այդպես,
Գիտեմ, որ դու կաս,
 Ինձ չես մոռացել,
Դու սիրում ես ինձ,
Երբ կանչեմ կգաս:
Ո՞ւմից խնդրեմ Սեր թե ոչ քեզանից:
Ինձ Սեր տուր, բայց ոչ մեկի նկատմամբ,
Սեր տուր, որ սիրեմ աշխարհը համայն:
Իմ ապավենը Դու ես, ով Աստված,
Առանց քո սիրո, ոչ միայն  սիրտս,
Աշխարհն է դատարկ… 

1/14/2011

Պատուհանդ բաց քնիր...


Ինչ իմանաս , գուցե մի խենթ հոգի քեզ կարոտի ու սիրո թևով քո գիրկը նետվի…
Գուցե անտեսած ամեն խոչնդոտ, քո գիրկը դառնա բաց պատուհանով…
Ու գուցե հարբած սիրո կարոտից, ջնջի անցյալը ու ցուրտ գիշերում նոր կրակ վառի…
   Պատուհանդ բաց քնիր:
Ի՞նչ գիտես թե երբ նա կթոթափի հպարտությունն ու վիրավորանքը, երբ կմոռանա ազգույշ արարքդ ու երբ կտենչա այն ջերմ պահերը, որ գալով փրկի կիսամեռ սերդ: 

1/12/2011

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Տանն էի. չեմ հիշում ինչով էի զբաղված, երբ հեռախոսը զանգեց.
     -     Սո՞ւս: Ձյուն է գալիս:
    _     Հետո ի՞նչ:
    -      Չասես, որ առաջին ձյունը քեզ համար խորհուրդ չունի:
    -      Առաջին ձյունը նման է առաջին սիրուն:
    _      Որ երկուսն էլ անբի՞ծ են:
    _      Ոչ, որ երկուսն էլ հետո ցեխ են դառնում:
Լռություն էր:
-         Համենայնդեպս  ռոմանտիկ զբոսանքը չէր խանգարի առաջին ձյան երջանկացնող փաթիլների ներքո:  

1/06/2011

Քաղաքական Բանավեճեր

Յուրաքանչյուր երիտասարդ, ով դյուզն ինչ հասկանում է քաղաքականությունից,  իր պարտքն է համարում ունենալ իր ուրույն ու անբեկանելի կարծիքը քաղաքական բոլոր իրադարձությունների   վերաբերյալ: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ հաճախ լսարաններում ու անգամ ժամանցի վայրերում սկսվում են այնպիսի թեժ բանավեճեր, որոնց անգամ կնախանձեր Ազգային Ժողովը: Հենց այդ կրքոտ քննարկումների ժամանակ է, որ միմյանց գտնում են իշխանամետները, բացահայտվում են ընդիմադիրները, ի հայտ են գալիս կուսակցականներ ու իրենց պետական գաղտնիքներ տրամադրող բարեկամներ ունեցող մեծախոսներ:

1/04/2011

Նոր Հրամայական

Ինչպես նորածնի շուրթերն են որոնում մոր ստինքները, այնպես էլ մտքերս են ճիչով ձգվում դեպի թղթի ճերմակությունը:  Ու մտքերս հասուն են այնքան, որ անկարող լինեմ լռեցնել նրանց, համոզեմ, խաբեմ...ես արդեն հոգնած, բայց սիրող մոր պես, ինքս ինձ սեղմելով, ինքս ինձ խեղդելով, հագուրդ եմ տալիս մտքերիս տենչին:
Մի հարցրու ինչու: Չէ որ լավ գիտես, որ ես չեմ սիրում հարցերդ բոլոր, որոնց պատասխանը ինձնից ճիշտ գիտես: Չէ որ լավ գիտեմ, որ այս անգամ էլ դու չես սխալվել:

Լրահոս