4/21/2011

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Լռությունից հեռացում մի քայլ է, հեռացումից բաժանում` կես:
Երբ առաջին անգամ բառերդ կուլ ես տալիս ու նայում առաջ, նույն վայրկյանին փշրում ես մտերմության ջերմությունը...
Չգիտեմ երբ սկսեցի  սկսեցի հասկանալ սա ու չեմ էլ հիշում ինչից հետո սկսեցի հավատալ այս տեսությանը, բայց անհիշելի ժամանակներից  ես վախենում եմ չարտասանված բոլոր բառերից:
_ Արի այսօր բղավենք միմյանց վրա, նեղացնենք իրար բառերով անպատասխանատու....վիրավորվենք ու լաց լինենք, հետո...գրկենք մխիթարվելու, համբուրենք ներվելու ու ժպտանք ժպիտի ակնկալիքով....
Միայն թե արի կոտրենք լռությունը, ես սարսափում եմ նրանից: 

4/17/2011

ԿԵՆՍԱԿԱՆ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ


Քամին ավազ է բերել տուն...
Ոչ ավազն է մեղավոր, որ քամին, դուռս էր բաց անժամանակ:
Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես  հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ  համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս  փակում եմ դուռս:

4/13/2011

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ

Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է  քո մասին է հենց:
Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր...
Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում: 
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ  ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու....
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր, դու ԴԵՌԱՀԱՍ ես դարձել, վայելիր....

4/11/2011

«Մարդը փողոցում»

Ներոհիշյալ նյութը գրել եմ անցյալ տարի, գրել եմ, որովհետև մեր դասախոսը հավես չուներ դաս անելու ու որպեսզի դա չզգացվեր, հանձնարարեց նյութ գրել ու քանի որ «ազատ թեմայից» մինչև կոկորդներս կուշտ էինք, օդի մեջ հնարեց «Մարդը փողոցում» :
Ես առանց վարանելու, կողմնորոշվեցի ինչի մասին եմ ուզում գրեմ, ավելի ստույգ ում մասին եմ ուզում գրեմ, քանի որ նույն առավոտյան հանդիպել էի Նրան:
«Անհատը ձևավորվում է հասարակության մեջ ու ըստ այդմ խորհուրդ է տրվում հարմարվել միջավայրին, քան ուրիշներին ստիպել, որ քեզ հարմարվեն: Ու այսպես հարմարվելով , մի օր էլ հասկանում ես, որ շատ փոքր անգամ անհատականության դրսևորումը դառնում է հասարակության նեգատիվ վերաբերմունքի, լավագույն դեպքում բուռն քննարկման առարկա: Առավոտյան հանդիպեցի մի տղամարդու: Կանգառում կանգնած յուրաքանչյուր ոք հայացքով զննում էր նրան: Անթաքույց լսվում էին հեգնական ծիծաղներ: Մոտ քառասուն տարեկան այդ տղամարդը կրում էր լայն ջինսե տաբաթ ճղճղված փողքերով , հագին նեղ սպորտային վերնաշապիկ էր, թևերին դաջվածքներ էին, իսկ ամենաուշագրավը  ձեռնաշղթա հեցնող ակնջօղերն էին: Նրա մեջքից թաց հյուսք էր կախված:
Նա կանգնած էր հպարտ և թվում էր մուգ արևային ակնոցների տակից չի էլ նկատում շրջապատող հայացքները:
Նրա վերնաշապիկին գրված էր.«nothing gonna change my world »(ոչինչ ի զորու չէ փոխել իմ աշխարհը) :
«Արտասահմանցի է»,-մտածեցի ու տխրեցի: Մենք այդ տարիքի հայ տղամարդուն սովոր ենք տեսնել սպիտակած, կարճ մազերով, անհատականությունը ոչնչով չընդգծող հագուստով, աշխատանքից կոշտացած ձեռքերով, հոգնած աչքերով և ոչ թե սեփական ապրելակերպի մասին հուշող վերնաշապիկով:
Ես այդպես էլ չիմացա, թե նա որ երկիրի ներկայացուցիչ, բայց այնպես ցանկացա, որ հայ լիներ: Իրականում, ինձ ամենևին էլ հարազատ չէր նրա ոճը,պարզապես գրավիչ էր նրա ինքնավստահությունը և տարիքը անհատական ոճի, վարքագծի դրսևորման համար խոչընդոտ չդարձնելը...
Ես ծիծաղեցի ծիծաղող երիտասարդների փոքր աշխարհընկալման, սահմանափակ մտածողության վրա, որ կարող են մարդուն ընդունել կամ ծաղրել արտաքինից դատելով....»:
Ես իհարկե տպավորված գրել էի ու արդարացրել այդ մարդուն առանց դատի դատապաշտպանի պես, բայց դա էական չէ, հետաքրքիրն այն է, որ փողոցում քայլող հազարավոր մարդկանցից ես հիշեցի ու գրեցի կարծիքս նրա մասին, ում  ամենևին դա չէր հետաքրքրում:
Կյանքը այնքան կարճ է ու ժամանակը հազիվ կհերիքի քեզ համար, քո ճաշակով ապրելուն:
Իսկ հեղինակություն պիտի վաստակել տաղանդով, սեփական աշխատանքով.....մի խոսքով այն ամենն ինչ տեսանելի չէ փողոցի անցորդին:

4/10/2011

ԵՐԿԻՆՔԸ ԻՄՆ Է

 Գարունը կամակոր է.....
Մտքերս քամին մազերիս նման տարածում է իր ուզած ուղղությամբ:
Մտքերիս հետքերով հեռու չեմ գնում, հողին եմ կառչում ու  նայում եմ վեր:
   Վերևում ես եմ..... այդպես էլ չհագած հարսանեկան զգեստի պես ճերմակ ամպերով ու կամակոր գարնան ափերով ծածկված արևի շողով: 
Երկինքը իմն է ու չեն գողանա այն ինձանից ամպրոպները սև: Երկինքը կրում է բոլոր անձևներս իր մեջ ու տրվում ,արցունքի նման...
   Երկինքը իմն է:
              Քամին մտքերս մազերիս նման տանում է իր ուզած ուղղությամբ, իսկ ես հավաքում եմ մտքերս ու ձիգ կապում եմ մազերիս նման:


4/07/2011

Ես գնում եմ ԲԱՆՋԱՐԻ

Վերջապես ես կրկին հնարավորություն ունեցա բանջար հավաքելու:
 Կթվա պարզ ու անհետաքրքիր գործընթաց է ու կարիք չկա դրա վրա ժամանակ ծախսել, սակայն երբ առաջին անգամ մոտ մեկ տարի առաջ պատահաբար մասնակից դարձա այդ գործընթացին, սկսեցի սիրել և տապակած կանաչիները և հատկապես դրանց հավաքելը:
Երեկ, երբ Մեծամորում էինք, սկիսուր մայրիկս իմանալով նախասիրությունս կազմակերպեց այդ արարողությունը իր աշխատավայրի հարակից տարածքում...
Հողի հետ շփումը անհրաժեշտ է բոլորին , հատկապես մտածող մարդկանց: Այնքան հաճելի ժամանակ կարող ես անցկացնել, այնքան անսովոր ու հետաքրքիր մտքեր, որոնք չեն ծնվում ասֆալտապատ փողոցներում, ծնվում են բնության հետ մոտ շփման ընթացքում:
Երևի տարօրինակ էր տեսնողների համար իմ անհամապատասխան հագուստն ու արածս աշխատանքը, բայց ես, իսկապես, չէի ափսոսում սպիտակ բոթասներս, այլ վայելում էի արևն ու հողի հոտը:
 Ամենահետաքրքիրն այն էր, որ նախատեսվածից շուտ պատրաստեցինք ու ճաշակեցինք, քանի որ հյուր էին եկել ամուսնուս ընկերները ու կարծես թե հավանեցին « Սուսիի հավաքած բանջարը»:
 Բանջարի անվճար գովազդ ստացվեց,բայց դա էլ մի ուրիշ հաճույք է, մի օր ժամանակ գտեք ու գնացեք բանջարի :

4/03/2011

ԱՊՏԱԿ

Մանկությանս տարիներին, երբ մայրս ապտակում էր սխալիս համար, ձայնիս ողջ ուժով լաց էի լինում: Մայրս նորից էր ապտակում, որ լռեմ.....
Հետո սովորեցի լուռ արտասվել ու  հմտացա անձայն կռվելու մեջ:
              Հիմա, եթե անգամ բարձրաձայն եմ վիճում, լաց եմ լինում նույն խեղդված լռությամբ`  կրկնակի չապտակվելու բնազդով, թե թուլությունս չմատնելու մոլուցքով, չգիտեմ:
 Մանկությանս տարիներին մայրս համբուրում էր կարմրած այտերս, որտեղ իր մատնահետտքերն էին ու ես նորից սիրում էի նրան:
  Հետո մոռանում էի լացս ու գրկում աշխարհի ամենալավ մայրիկին:
               Հիմա չեմ սպասում համբուրեն ինձ , բավական է չորանան արցունքներս ու նորից սիրում եմ նրանց.........նրանց, ում մատնահետքերը դեռ այտերիս են............


Լրահոս