4/29/2017

Ինչ-որ Մեկը

Ես միշտ մտքումս ինչ-որ մեկին պատմում եմ իմ մասին: Երբեմն չգիտեմ էլ ով է այդ համբերատարը,  հարազա՞տ  է ով անհանգստանում  է ինձանով, թե՞ քննիչ ում համար ամեն մանրուք կարևոր  է։

Այսօր աստղագուշակը արկածներ ու հաճելի հանդիպում խոստացավ, բայց քանի որ ես սովորականից ավելի անլուրջ եմ վերաբերվում մոգական հուշումներին , (չնայած որ ամեն օր պարտաճանաչ կարդում եմ), օրն ինձ ձանձրույթից  զատ ոչինչ չբերեց...

Կեսօրին արևը ինձ քարշ տվեց պատուհանի մոտ, աչքերս փակեց ու տաք-տաք բաներ խոստացավ:

_Սա էլ դրանց գրած ջերմ հանդիպումը,  _Ինչ-որ Մեկին  ասացի ես մտքումս ու նա անշուշտ հասկացավ  հեգնանքս:

Երեկոյան, երբ երկարատև հաճելի հանդիպումից գլխապտույտով քայլում էի փոշեկոլոլ ճանապարհով, տեսա ցանկապատից հետաքրքրասեր տիկնանց պես գլուխները դուրս հանած յասամաններ ու անմիջապես պատկերացրեցի  ինչպես եմ հանում բարձրակրունկներս, մագլցում պատն ու փնջում ամենասիրուն ճյուղերը։
Եթե ամեն ինչ բարեհաջող չանցնի գոնե աստղագուշակի կանխատեսած արկածը կլինի։

_Եվ դու միևնույն է կշարունակես չհավատալ։
Կտրուկ  ասեց    Ինչ-որ  Մեկը մտքումս:

Նա  ճիշտ է. թերահավատությունը իմ  անբուժելի  հիվանդություն  է: Նույնիսկ  ամենափորձառու   բժիշկն  ու  ամենաանփորձ  հեքիմը  մի  նախապայման  ունեն.  ՄԻԱՅՆ  ՀԱՎԱՏԱ:
Իսկ ես   չեմ  բուժվում   ոչ  թերահավատությունից   ոչ էլ   ձանձրույթից.
.... բայց  Ինչ-որ  Մեկին    ես   չեմ   վարակել:



6/24/2016

Եթե ընկել ես

Եթե  ընկել  ես,  ամենից առաջ  հիշիր, որ  չի  ընկնում միայն նա, ով երբեք  վերևում  չի  էլ եղել: Փորձությունները  ուժեղներին  են  տրվում, դրա համար  հպարտությամբ  նայիր, ոչ թե  հիասթափությամբ:
* Ոչ մեկին  մի մեղադրիր:  Եթե  անգամ մեջքիցդ են  հարվածել, ընդունիր, որ  դո՛ւ  չես պահել  հավասարակշռությունդ ու ընկել ես:
 * Դադարի՛ր  վերլուծել  եղածը: Եթե քունդ  ու  ախորժակդ  կորցնես, փակվես սենյակումդ ու  անվերջ  տանջես քեզ  նույն  անախորժ  նյութը  ծայրեծայր  վերհիշելով , միևնույնն  է  ոչինչ  չես փոխի:
* Գնահատիր այն  ինչ  շահել  ես: Ոչ  ոք չի  ծնվում  փորձառու  ու  զգուշավոր: Հենց  այդ  տհաճություններն  են, որ  քեզ  գործնական  պարապմունքներ  են  դառնում, որի  արդյունքում  դու  շահում  ես խորագիտություն:
* Շնորհակալ  եղիր: Եթե  անգամ  թվում  է  թե   ամեն ինչ  և  ամենքին  կորցրել  ես. միևնույնն  է, նայիր  շուրջդ ու  կտեսնես, որ  եղել  են  մարդիկ, ովքեր  ողջ  ընթացքում  քեզ  աջակցել են, լսելով, հասկանալով, սիրելով... Շնորհակալ  եղիր  նրանց:
* Ների՛ր: Եթե ինձ  հարցնեն, արդյոք ներել  եմ  բոլոր նրանց ովքեր  ինձ ցավ են պատճատել, միանշանակ  պատասխանել  չեմ  կարող, փոխարենը  վստահաբար  կասեմ, որ  չարություն  չեմ  զգում արդեն և հաճելի  անտարբերությամբ եմ բարևում բոլորին, խճղահարությամբ  գիտակցելով  դիմացինիս  փոքրհոգությունը:
* Ապրիր: Դու  հիմա ավելի բարձր   ես,  քան  առաջ, ավելի  ամուր  ես,  ավելի ուժեղ, փորձված  ու  հաղթած:
Շարունակիր  սիրել  կյանքը  և  կյանքի  սև  գծերի  միջով ժպիտով անցիր:
Հավատա  փորձություններից հետո  անգին  պարգևներն  են  տրվում:
Շնորհակալ եմ կյանքին թե ինձ  տրված  դժվարին  փորձությունների  համար, թե   հաղթական  պարգևների  համար:

5/06/2016

Փոխել չես կարող

Դու  կարող ես փոխարինել  ինձ, երբ կամենաս...
Ոչ ոք դեմ չի լինի: 
Նույնիսկ ես:
... բայց փոխել չես կարող: 
Ես կմնամ այնպիսին ինչպիսին  վրձնել  է ինձ Երկինքը: 
Դեմ չեմ, գուցե և ծուռ, վանգոգյան  անհավասարաչափությամբ,   բայց չի կրկնօրինակել ոչ մեկից,չի նմանեցրել ինձ ոչ մեկին.  ես բնօրինակն  եմ  Երկնքի  վաղ արշալույսի  մտահաղացման:
Գույներես խիտ են.իրարամերժ ու  ներդաշնակ: 
Ո՞վ ես դու որ խմբագրես Ամենակարողի ստեղծագործությունը:
Դու կարող ես փախարինել ինձ:
Փոխելու իրավունքը  քեզ չի վերապահված:

2/12/2016

Կյանքդ մոխրաման է դարձել․․․

Մատներիդ արանքում ևս մեկ  գլանակ  մոխրացավ։

Ծխի ծանր  շղարշի միջով նայում ես շուրջդ ու  հասկանում, որ էլի  մենակ ես։

Սենյակիդ պատուհանից ներս ընկած մի բուռ  արևը  քեզ չի ջերմացնում ու  դատարկությունից վառում ես հերթական ծխախոտը, որ գոնե ծխով լցնես ներսդ։

  Չեմ կարեկցում քեզ:                                                               

Քո  իսկ  ձեռքով  ծխախոտի նման  վառեցիր  նաև  սերը ու  այդ ծխի  դառնությունը  քեզ դեռ քիչ  է։                     

Կարծում էիր ամեն ինչ  պարզից էլ  պարզ է․ ձեռքդ կտանես գրպանդ ու  կհայտնվի հաջորդը․․․

Սերը  ծխախոտ  չէ. մոխրացող սիրո ծուխը  խեղդում է։
Եվ քանի՞  քանիսն  ես վառել։

Կյանքդ մոխրաման  է դարձել․․․


2/04/2016

Պարոն

Պարո'ն, Դուք այս  էլ  որերորդ  գիշերն   է   այցելում եք ինձ իմ  երազում:
Ոչ, ես բոլորովին էլ  դեմ չեմ. իմ երազի դռները միշտ բաց են Ձեզ համար...
Բայց  ախր  Դուք  գալիս եք կոկիկ, վայելուչ  հագնված`  գծավոր  վերնաշապիկով ու  սև  փայլուն  կոշիկներով, իսկ  ե՞ս... չէ որ  ես այդ ժամանակ  ննջում եմ իմ հնացած գիշերազգստով:
Անհարմար է,  չէ՞...

Մյուս անգամ երբ   իմ  երազում   հայտնվելու  լինեք  ինձ մի  մետաքսաթել  ճերմակ  զգեստ բերեք, որպեսզի  պատշաճ տեսք ունենամ Ձեզ դիմավորելիս:
Այդ ժամանակ երբ  նստեմ  Ձեր  դիմաց  Ձեզ համապատասխան այդ  հագուստով միգուցե  ի վերջո հարցնեմ.
_Ինչո՞վ եմ արժանացել Ձեր  երազային այցելությանը, պարոն..

2/03/2016

Լավ եմ ...

Դու ամեն օր ինձ  բարևում  ես  ու  սիալիր  ժպիտով հարցնում.
- Ինչպե՞ս ես:
Բայց  ես նայում եմ  քեզ ու  հասկանում, որ դու ինձ բնավ չես ճանաչում ու  չգիտես անգամ թե  ես ինչպիսինն եմ:
Ոչինչ չգիտես իմ մասին... չգիտես անգամ, որ ես նման չեմ իմ անձնագրի նկարին, որ  ես լաց եմ լինում անգամ երբ եղունգս է կոտրվում, որ  ես առավոտյան նկարում եմ գոլորշապատ ապակիների վրա և  կատուներին տանել չեմ կարողանում: Դու չես էլ պատկերացնում թե ես ինչ երգ  եմ  լսում երբ մենակ եմ  լինում,  ինչ եմ կարդում երբ կոտրված եմ լինում   և  թե ինչից եմ վախենում երբ կարոտում եմ...
Իսկապես կարևոր չէ՞:
Ուրեմն  ի՞նչ  կարևոր   է թե ինչպես եմ:
Չեմ կարծում թե դու  ուրիշ  պատասխան ես  սպասում.
- Լավ եմ, շնորհակալություն:


10/17/2015

Քոնը դարձրու նրան

Երբ ուրիշի սխալը դարձել է քեզ համար ճակատագիր, իսկ համբերությունդ` մի թղթե տնակ հողմերի դիմաց. կանգ առ, էլ մի կծկվիր այդ նեղ ու փոքր տնակում, էլ մի լարիր ջղերդ, որ վերջին ուժերովդ պահես «ամոթ» ու «վախ» թղթե սյուները այդ տան:
Պատռիր այդ տունն ու դուրս եկ բոկոտն վազելով, որ անգամ ոտնամաշկդ շոշափի ազատությունը:
Բաց թող ձայնդ, որ խառնվի բննությանն ու երգ դառնա`դարման դառնա ճնշված հոգուդ համար:
Մե~ն մենակ մնա, որ ստիպված չլինես այս նեղ աշխարհը կիսես որևէ մեկի հետ:
Հաճախ նայիր անեզր երկնքին, որ վերագտնես երազներդ:
Հետո? Հետո անձայն վերադարձիր այն ուրիշի մոտ ու քոնը դարձրու նրան, որ սիրես նրա սխալներն էլ անգամ :

... սկսիր ձուլել պատերը քո համբերության տան կուռ սիրո երկաթով:

Լրահոս