Showing posts with label սեր. Show all posts
Showing posts with label սեր. Show all posts

2/11/2011

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՐ ԻՄ

        Հաշվում ես…..իսկ մի՞թե տարիները կարելի է հաշվել: Տարիները ապրել է պետք, այնպես ինչպես անսահմանությունը:
    Դու տխրում ես տարվա երկար  սպասված օրվա մոտենալուն պես:
Այդ օրը խենթանալ է պետք քանդելով շղթաները , սրտիդ տալով բաղձալի ազատություն, պետք ճախրել ու  ոչ թե վախենալ վայրեջքից, այլ 2 ափերը լի երազներով վերադառնալ…
    Դու հուզվում ես երբ վառվում են մոմեր ու դու մտքերիդ հորձանքից    փորձում ես  երազանք գտնել ու դուրս մղել մարելով անցյալ տարիների անհաջողությունները , վշտերը, կորուստը , ցավը….22 մոմ պիտի մարես, իսկ դեռ որքան չապրած տաք օրեր կան. այդ մասին մտածիր սեր իմ, քո անմար երազանքների մասին խոհիր:
     Արի պարզապես խմենք քո կենացը, լսենք մեր սիրած երգը , վերաիմաստավորենք մեր ապրածը, մեր միասին կրածն ու վայելածը, որ հասկանանք թե որքան մեծ է մեզ սպասող հաջողությունը:
      Քեզ ի՞նչ նվիրեմ: Վերցրու իմ ունեցած ամենաթանկը, իմ միակ հարստությունը , որ վաստակել, կորցրել, փնտրել ու գտել եմ, վերցրու իմ Սերը, ամենն ինչ ունեմ…Վերցրու ու պահիր, որ քո ամուր ափերում չփշրվի հանկարծ, այլ շնչովդ սնվի ու զորեղ դառնա ամեն ինչ սրբելու, հաղթահարելու, համբերելու, առաջնորդելու…
          - Քո կենացը:

1/30/2011

…….. և ոչնչանում է ժամանակը

   Քաղաքներ, փողոցներ, շենքեր…որքան մեծ էր տարածություննը իմ ու քո միջև:
     Քանի անգամ մտքով դուրս էի գալիս տանից ու ընկնում ճանապարհ…անցնում էի իմ ճանաչած փողոցները, քայլում ծանոթ մայրուղիով, հասնում ձեր քաղաքը ու…մոլորվելով մտքերիս մեջ, մի ակնթարթում ետ վերադառնում:
     Եվ քանի անգամ եմ այսպես ճանապարհորդել, քանի անգամ եմ կես ճամփից ետ դարձել…գիտե՞ս: Իհարկե գիտես: Վստահ եմ, գիտես:
 Երբ տապալելով  քաղաքները,  շենքերն ու բոլոր խոչընդոտները հասանք իրար ու նայեցինք միմյանց աչքերին, տեսա , որ  դու էլ ես  հոգնել քայլելուց:
   Մենք հաղթել ենք տարածությանը , բաժանմանը, ցավին, կարոտին…ու հաղթական էին մեր համբույրները: Ու փոքր սենյակում արհամարեցինք քաղաքների մեծությունը, որ բաժանել էր մեզ:
 Ու այդ պահին դժվար էր միայն կռահել գլխապտույտ առաջացնող գինի՞ն էր թունդ,  թե՞ մեր համբույրից այրվող շուրթերն էին թեժացրել գինին:
Վառվող մոմե՞րն էին լուսավորում մեր շնչով ջերմացրած սենյակը, թե՞ այդ մենք էինք  լուսավորել աշխարհը մեր վերգտած սիրով:
Մեզ համար ամեն ինչ այնքան պարզ էր ու դյուրընկալելի, որքան հեքիաթները մանուկների համար:
  Միայն մի հարց մնաց օդում. այդ երգի՞չն էր մեր հանդիպումից հուզված նոր բառեր հորինում , թե՞ մենք էինք առաջին անգամ լսում մեր տարիներով լսած ու այդքան սիրած երգը. “ You’re so beautiful to me” …
   Ժամանակ կա դեռ հասկանալու. եթե տարածությանը հաղթել ենք , ժամանակին էլ կհաղթենք: 

6/05/2010

ԱՆՁՐԵՎ

ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ
  


Եվ ինձ թվում է թե հիասթափությունը լցված է օդի մեջ: Արև չկա: Լույս չկա: Օդը դառն է:  Ես շնչում եմ երազներով, որոնք փուչ են: Խեղդվում եմ:






ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Աստված   անձրևը ուղարկում է միայն այն ժամանակ, երբ արցունքներս գոլորշիանալով վեր են բարձրանում ու ամպեր դառնում: Ես որոնում եմ արցունքներս ու չեմ գտնում: Երկինքն է այնժամ արտասվում ինձ համար ու իմ փոխարեն:  Երբեմն գոչումներս են գոլորշանում: Այդ ժամանակ կարկուտն է որպես մխիթարիչ իջնում գլխիս: Կարկուտը թերություն ունի: Ասում են գարնանը ծաղկած մրգատու ծառերի բերքին է վնասում: Բոլո՛րը: Չե՛մ հավատում: Իմ ու ինձ նման անձրևի խշշոցից ու ամպի որոտումից հագեցող մարդկանց հասանելիքն է ոչնչացողը: Մ՛ի խնայեք աղաչում եմ ձեզ, մ՛ի խնդրեք երկնային Տիրոջը, որ լռի անձրևը: Ես դեռ այնքա՜ն գոլորշիացած արցունքներ ունեմ:                                    

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Երկինքը դարձել է դեմք. բերան ունի ու լայն ժպտում է, աչքեր ունի ու կկոցված է, ականջներ ունի ու գոցված են: Ես նայում եմ երկնքի դեմքին: Նա լայն բացելով աչքերը հարցնում է. “Հիմա ի՞նչ ես ակնկալում ինձանից” : Երկնքի ականջները երանությունից գոցված են և ես էլ ժպտում եմ…Իմ ականջներն էլ  ակամայից չեն լսում թախիծի, հիասթափության ու կասկածի ձայները: Ես աչքերս երկնքից չեմ իջեցնում, իսկ նա կրկնում է. “Հիմա ի՞նչ ես ուզում” : Ես սրտիս բոլոր ձեռքերը վեր պարզած  և սրտիս բոլոր ատամները ցույց տալով , սրտիս  ձայնի ողջ ուժգնությամբ բղավում եմ . “ԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ”: Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս: Սիրո քուլաները տարածվեցին երկնքով մեկ… Աստված իմ, որքա՜ն դժվար նորից ներքև նայելը…     
Լրահոս