10/17/2015

Քոնը դարձրու նրան

Երբ ուրիշի սխալը դարձել է քեզ համար ճակատագիր, իսկ համբերությունդ` մի թղթե տնակ հողմերի դիմաց. կանգ առ, էլ մի կծկվիր այդ նեղ ու փոքր տնակում, էլ մի լարիր ջղերդ, որ վերջին ուժերովդ պահես «ամոթ» ու «վախ» թղթե սյուները այդ տան:
Պատռիր այդ տունն ու դուրս եկ բոկոտն վազելով, որ անգամ ոտնամաշկդ շոշափի ազատությունը:
Բաց թող ձայնդ, որ խառնվի բննությանն ու երգ դառնա`դարման դառնա ճնշված հոգուդ համար:
Մե~ն մենակ մնա, որ ստիպված չլինես այս նեղ աշխարհը կիսես որևէ մեկի հետ:
Հաճախ նայիր անեզր երկնքին, որ վերագտնես երազներդ:
Հետո? Հետո անձայն վերադարձիր այն ուրիշի մոտ ու քոնը դարձրու նրան, որ սիրես նրա սխալներն էլ անգամ :

... սկսիր ձուլել պատերը քո համբերության տան կուռ սիրո երկաթով:

9/20/2015

Ձեռքերս


Կնոջ տարիքը հաճախ հնարավոր է  խորամանկորեն քողարկել գրագետ դիմահարդարման և  զանազան այլ  կոսմետիկ միաջամտությունների շնորհիվ, սական միայն  ձեռքերը միշտ միամտորեն մատնում են մեր ոչ միայն ապրած տարիների քանակը այլ նաև որակը .... ու շահագրգիռ մարդը դեռ շատ ավելին էլ  կարող է իմանալ նայելով միայն ձեքերին:
Ամուսնությունը  իմ ձեռքի վրա թողել է իր հետքը (մատանու տեսքով), երեխան իր՝  (արտահայտված երակների, որակազրկված եղունգների ) , նիհարելու հետևանքները՝ իրենցը:Բայց ես սիրում եմ իմ ձեռքերը:Վերջերս նկատեցի, որ երբ սրտնեղած եմ լինում ես նայում եմ իմ ձեռքերին ու կարծես ինքնավստահություն եմ ստանում. Իմ ձեռքերն այլևս փափկասուն օրիորդի ձեռքեր չեն . նրանց նայելով տեսնում եմ ուժեղ, կամային կնոջ ձեռքեր, որոնք ի վիճակի են խոչընդոտներ հաղթահարել:Երբ մի օր տեսա, որ  ամուսնական մատանիս արդեն  լողում է մատնեմատիս վրա, սկզբում ինձ տգեղացած զգացի, հուսահատվեցի, հասկանալով  որ երբեք չի վերականգնվի նախկին արտաքինս... սակայն հիմա սովորել  եմ սիրել  բոլոր այն փոփոխությունները, որ ինձ վրա կատարում է կյանքը:Ամենևին չեմ հասկանում կանանց ժամանակի հետքերը թաքցնելու  խելահեղ ձգտումը: Արտաքինի հետ կապված բոլոր բարդույթները հօդս են ցնդում , երբ սկսում ես կոսմետիկ վերանորոգում անես նախ ուղեղում: Չեմ կարող համոզել, որ  դա հեշտ է, կամ ես շատ հեշտ եմ ընդունել դա, չնայած որ միշտ կարդացել եմ էտ մասին, բայց իմ կյանքում սկսեցին թարմանալ գույները, երբ մի օր իսկապես սկսեցի իմ մեջ տեսնել ոչ թե մեծացող աղջնակի, այլ հասունացող կնոջ: Գնահատեցի ապրածս ու սկեցի վայելել այն ամենն ինչ իմ շուրջն է. ամենապարզ շփումները, երբեք չկրկնվող արևածագը, սուրճի բույրը, խնձորի համը...Ես հանեցի ականջակալներս, որ լսեմ քամու ձայնը. աստվածային մեղեդի...Ես արդեն վաղուց է ինչ ոչինչ չէի հրապարակում. անընդհատ վախենում էի ընթերցողների արձագանքից , հիմա զարմանալի համարձակությամբ գրում եմ չվախենալով նույնիսկ չարձագանքվելուց:Դորյան Գրեյի կախարդական դիմանկարի նման միշտ ժամանակի իրական հետքերն են ի ցույց դնում ձեռքերս: Ես  մտովի սեղմում եմ բոլոր այն մարդկանց ձեռքերը, ովքեր միացան իմ մտքերին: 




9/15/2015

Հաշտվում եմ

Հաշտվում  եմ... և արևի հետ, որ ինձ չի ջերմացնում և ջրի հետ, որն ինձ չի հագեցնում և մարդկանց հետ, որոնք իմը չեն,  և զգացմունքների հետ, որ տանել չեմ կարողանում... ինչևէ . հաշտվում եմ: 
Հաշտությունը զոհ  է պահանջվում և ես նորից զոհաբերում եմ ինձ՝ իմ ցանկությունները, իմ երազներն ու տեսիլնքները :
 Ուրիշ ոչինչ զոհաբերելու քաջություն չունեմ: Ոչինչ այնպես չի ցավեցնում, քան երբ հասկանում ես, թե ինչ ես ուզում ու շարունակում ես մնալ այնտեղ, որտեղ շարունակ  կրկնում ես այն ամենը ինչ չես ուզում:
Ես ամեն առավոտ ինձ խոստանում եմ, որ ինքս ինձ պիտի պաշտպանեմ , որ նոր օրը ինձ  ինձանից չի խլելու, որ ես քայլելու եմ դեպի իմ երազանքները...

Բայց հաշտվել այնուամենայնիվ պետք է իրականում, իսկ հաշտությունը զոհաբերություն է պահանջում...

Լրահոս