5/18/2011

ՃԱՆԱՊԱՐՀ

Ճանապարհը երկար է...
Ուզածին չհասած, բայց լացելուց հոգնած մանկան պես լռել եմ:
Ապրելուց ձանձարացած ծերունու նման հոգնել եմ:
Երկնքի չափ զարմացել ու...ցավից իմաստնացել եմ...
Տեսնես իրականությունը այս մեր ապրածն է, թե՞ մեր երազները, որը զուրկ է և մեր կոծկած անցյալից և պատկերազարդ ապագայից....
Երևի դա է իրական իրականությունը. կարծում եմ դա է.... այդպես եմ ուզում / իսկ ես արդեն վաղուց է երկնքից ոչինչ չեմ խնդրել ու գուցե այդ պատճառով է, որ պահանջում եմ ... հրամայում եմ. ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ՉԷ:
Ճանապարհը երկար է, բայց երբ մտքերը շատ են ճանապարհը կարճ է թվում, իսկ երբ մտքերը ազատվում են նեղլիկ ուղեղի ծալքերից մոլորվում ենք անհամար դարսերում այս երկրի...
Անցնում եմ մեծ դաշտերի կողքով, որտեղ աշխատում են ինձ պես, իմ տարիքի , գուցե ավելի ջահել, ավելի սիրուն աղջիկներ...իսկ ես պատուհանից մի ակնթարթ հասցնում եմ նայել նրանց ու նախանձել... հողը ուժ է տալիս ու հնարավորությունններ . մտերմանալու, լռելու, անհետանալու , երազելու ու չնկատելու:
Ճանապարհը ստիպեց հասկանալ, որ ամեն տող ցավից է ծնվում, իսկ ես կարդում եմ հաստափոր գրքեր , որ մոռանամ ցավը:
Ճանապարհը ստիպեց մտածել, որ ամեն ինչի համար կարճ ակնթարթ է տրվում ` կհասցնես տես, աչքերդ մի վայրկան փակես ետևում շատ բան կմնա, որը ետ չի վերադառնում:
Ճանապարհը սովորեցրեց, որ կյանքը սևագիր չունի, իսկ մաքրագիրը ցավով է տրվում:
Իսկ ես իրականում հասկացա, որ սկսում ես գրել,  երբ մառանում ես որ ընթերցվելու  են տողերդ:
 Հոգնեցի ճանապարհից: Ուրիշ իրականությունում չեմ հորնելու ճանապարհներ, քանզի ճանապարհը մտքերի դամբարան է, իսկ  ուզում եմ մտքերս ինձ մենակ թողնեն զգացումների հետ.....

5/05/2011

"Ո՞ՒՐ ԵՍ "

Նրա մասին երբեք չեմ գրել ոչ չհրապարակված խզբզուկներումս ոչ էլ բլոգիս 50- ից ավել գրառումներում /անկեղծ ասած երբեք չեմ հաշվել /:
Նրա մասին հաճախ օրագրումս եմ գրել, սակայն քանի որ իմ օրագիրը ինձ միայն այն ժամանակ է անհրաժեշտ երբ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ մտատանջող հարց, որը կիսել այլոց հետ չեմ ուզում /կամ հպարտությունս չի ներում/, ըստ այդմ, միայն վեճեր են այնտեղ` եսասիրական եզրահանգումներով....
Մենք տարբեր ենք, դեմ չեմ,անգամ անհամատեղելի տարբեր բնավորություններով ու կյանքի մասին պատկերացումներով, մենք քիչ թեմաների մասին  ենք առանց բռնկվելու լսում  միմյանց կարծիքներ, տարբեր են մեր անցած ճանապարհների մասին հիշողություններն ու ապագայի ձգտումները...Ես չեմ գրել նրա մասին, չէի էլ գրի, եթե.......արևոտ օրը չմթներ ու հանկարծակի անձրև չգար:
_Մամ, ես քո զանգին էի սպասում....
Ամեն անգամ,երբ տանը չէի ու այդպես անսպասելի անձրևում էր, հեռախոսս զանգում էր."Ուր ես, հո չես թրջվել...": Ու հաճախ նեղվում էի այդ ուշադրությունից, չմեծացած երեխայի հոգեբանությամբ վիրավորվում...
Այսօր տանն էի, երբ անձրև եկավ...իմ տանը, քո տնից շատ հեռու, իմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, իմ ամուսնու կողքին...բայց ես քո զանգին էի սպասում,Մամ, քո անհանգիստ "Ուր ես" հարցին....
Դու այս անգամ չզանգեցիր, երևի մտածեցիր թե աղջիկդ մեծ է արդեն, հասուն ու կայացած է ու չարժե նրան հարցնել ."Ուր ես":
Մամ, ես դեռ քո փոքրիկ աղջիկն եմ , ով այսօր ինքը քեզ զանգեց ." Ուր ես, հո չթրջվեցիր":

5/01/2011

ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ

Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել: 
Կեսգիշերային լռությունից զատ ոչինչ չեմ պահում իրականությունից, ամենը ջնջում եմ ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ Կինը չէր մերժել անդորրը: 
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....

Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես  ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից  էլ ծանր...

Լրահոս