9/17/2011

Մաթեմատիկա

Բոլորն էլ ինչ-որ մի օր, ինչ-որ մի բան ջնջում են նորը ստեղծելու ակնկալությամբ:
Իսկ երբ նորը դատարկությունից զատ ոչինչ չի բերում, վախենում ես նորից ջնջել`անհայտ նորից հայտնի ցավը վերապրելու սարսափով:
Ես մաթեմատիկա չսովորեցի դպրոցում:
Ես հաշվել չսովորեցի կյանում:
Ես տանուլ տվեցի բոլոր հաշիվներս:
Ես գրել սովորեցի մաթեմատիկայի վանդակավոր տետրերում. գրել կյանքի, երկնքի ու սիրո մասին....
...մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել էր հարկավոր:
_Դու այդպե՞ս ես կարծում,-կհարցնես վատ քողարկված հեգնանքով ու ես էլի չեմ նեղանա, քանի որ ես էլ, դու էլ վարժվել ենք նրան, որ ես վաղուց չեմ ասում այն ինչ իրոք կարծում եմ....

Հիմա նայում եմ  այն դպրոցական աղջկան, որը սեղմվել է քո ուսին....ոչինչ էլ չի փոխվել. մատնեմատին  մի մատանի է ավելացել, սև մազերը դարչնագույն են դարձել, մի քիչ լցվել է երևի ու....էլ ոչինչ:
Եթե քջջես կյանքս ուրիշ ոչինչ չի գտնվի բացի այս անօգուտ ու անվնաս գրառումներից`կյանքի, երկնքի ու սիրո մասին....մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել է հարկավոր:

9/12/2011

Կարոտում եմ հայելուց ժպտացող աչքերին

Քաղաքը քնեց:
Դիմացի շենքում ընդհամնեը մեկ-երկու պատուհանից է դեռ լույս  երևում:
Նրանք  երևի մի բան են կիսատ թողել, որ կպել են հեռացող օրվա քղանցքից ու բաց չեն թողնում. ինչ-որ հարցեր կան, որ այս օրը պետք է պատասխանի, ինչ-որ գործեր կան, որ նորեկ օրվան չեն  ուզում վստահել, գուցե մի պատառ ուրախություն է ընկել այդ պատուհաններից ներս ու  փայփայում են, որ լուսաբացը չփախցնի:
Իսկ ես ոչ գործեր ունեմ, ոչ հարցեր ու իմ պատուհանից ոչինչ ներս չի ընկել....
Ես կարոտում եմ:
Առաջին անգամ եմ կարոտի իրական դառնությունը ճաշակում, առաջին անգամ եմ զգում, թե ինչ անանցանելի վիհ է այն:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Ես տեսել եմ նրան հայելիների  քառակուսիներում: Հաստատ տեսել եմ....
Ես ուզում եմ արթնացնել քնած շենքի բոլոր բնակիչներին, որ հարցնեմ. «Ո՞ւր է, ախր առանց նրա ապրել չի լինում»...
Այս հայելին արդեն նետել է պետք, ինչ-որ անգույն ժպիտ է ցույց տալիս ու չեմ գտնում այն կամակոր շուրթերը, որոնց Նարցիսի խենթությամբ հպվել էի ուզում...
Վերջին լույսերն էլ անջատեցին: Նորը օրը արդեն իր ճամփաները լուսավորելով հասել է քաղաքին: Աշնան ևս մի մունետիկ, որ պետք է դեռ քսան և մեկ ժամ պտտվի իր սառը հայացքով:
Չէ, հայելին մեղավոր չէ, հաստատ, այլ աշնան սպանող  քմծիծաղն է քողարկել աչքերի կայծը, որը պատրաստ էր հրդեհել ամեն խոնավ թախիծ:
Ես էլ եմ անջատում լույսս: Իմ պատուհանն էլ դառնում է մեկն այն մութ քառակուսիներից, որոնք  վիթխարի շենքին են կառչել ու միմյանցից ոչնչով չեն տարբերվում:
Մի բան է ինձ միայն մխիթարում. արևոտ հայելում տեսածս խելառ աղջնակի պես ես էլ դեռ ատում եմ աշունը:

Լրահոս