Հեղինակային իրավունք


Հեղինակային իրավունք

Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները
1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից։
2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։
3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված՝ ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող՝ անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց։
4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։
5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։
6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։

Հոդված 1112. Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները

Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները։

Հոդված 1113. Ստեղծագործության մասերը և ածանցյալ ստեղծագործությունները
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ են՝ սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջները բավարարող ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները և ածանցյալ ստեղծագործությունները։
2. Ածանցյալ ստեղծագործություններ են՝
1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները ).
2) թարգմանությունները.
3) ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները՝ իրենցից ըստ նյութերի ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք ներկայացնող այլ հավաքածո ստեղծագործությունները։
3. Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով՝ անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են։

Հոդված 1114. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները 

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն՝
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։

Հոդված 1115. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները

1. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին)։
2. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծեր մշակողներն իրավունք ունեն հրապարակել նախագիծը, եթե նախագիծը մշակելու հանձնարարությունը տվող մարմինն այն չի արգելում։ Նախագիծը հրապարակելիս մշակողներն իրավունք ունեն նշել իրենց անունը։
3. Իրավասու մարմինը պաշտոնական փաստաթուղթ նախապատրաստելու նպատակով կարող է նախագիծն օգտագործել առանց մշակողի համաձայնության, եթե նախագիծը հրապարակել կամ համապատասխան մարմին է ուղարկել մշակողը։
4. Նախագծի հիման վրա պաշտոնական փաստաթղթեր, խորհրդանիշներ և նշաններ նախապատրաստելիս պաշտոնական փաստաթուղթը, խորհրդանիշը կամ նշանը նախապատրաստող մարմնի հայեցողությամբ նախագծում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ։
5. Իրավասու մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը կարող է օգտագործվել առանց մշակողի անունը նշելու։

Հոդված 1116. Հեղինակային իրավունքի ծագումը։ Հեղինակության կանխավարկածը
1. Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով։ Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն։
2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում։
3. Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ լույս ընծայելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) լույս ընծայողը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը։ Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին։

Հոդված 1117. Համահեղինակություն
1. Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ՝ անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն։
2. Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ։
3. Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։
4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար։
5. Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել մյուս համահեղինակներին՝ օգտագործելու ստեղծագործությունը։

Հոդված 1118. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակները

1. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներ են համարվում այլ անձանց ստեղծագործությունները վերամշակած անձինք՝ թարգմանիչները, ժողովածուներ և այլ հավաքածո ստեղծագործություններ կազմողները։
2. Ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից՝ վերամշակված, թարգմանված կամ հավաքածո ստեղծագործության մեջ ներառված ստեղծագործության հեղինակի իրավունքը պահպանելու պայմանով։
3. Ածանցյալ ստեղծագործություններ ստեղծողների հեղինակային իրավունքը չի խոչընդոտում այլ անձանց արդեն իսկ օգտագործված ստեղծագործությունների հիման վրա ստեղծելու իրենց ածանցյալ ստեղծագործությունները եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը։

Հոդված 1119. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները

1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ։ Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ։
2. Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն օգտագործելու բացառիկ իրավունք ունեն։ Հրատարակիչն իրավունք ունի նման հրատարակության ցանկացած օգտագործման դեպքում նշել կամ պահանջել« որ նշվի իր անվանումը։
Նման հրատարակություններում ներառված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու բացառիկ իրավունքներ՝ անկախ այն ամբողջությամբ հրատարակելու հանգամանքից, եթե այլ բան նախատեսված չէ ստեղծագործության ստեղծման պայմանագրով։

Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանը

1. բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է՝ 
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.
2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից։
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ։

Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը։ 
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).
2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).
3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք). 
4) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք` դրա հետևանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին։ Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը։ Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

Օրենսգրքի 1122-րդ և 1123-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 1124. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը
1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`
1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).
2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).
4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).
5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).
6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք). 
7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).
8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք). 
12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը։».
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել. 
3) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի։
4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը։»։ 
5. Եթե ստեղծագործության օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածելը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
6. Ստեղծագործությունն օգտագործված է համարվում անկախ այն բանից այն օգտագործվել է շահույթ ստանալու նպատակով« թե առանց այդ նպատակի։
7. Ստեղծագործության (գյուտերի, այլ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլ որոշումների) բովանդակությունը կազմող դրույթների գործնական կիրառումը հեղինակային իրավունքի տեսանկյունից ստեղծագործության օգտագործում չէ։

Հոդված 1125. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը տնօրինելը

1. Հեղինակը կամ այլ իրավատերը կարող է պայմանագրով` ներառյալ հրապարակային սակարկություններում կնքված, ստեղծագործությունն օգտագործելու իր բոլոր իրավունքները փոխանցել այլ անձի (օգտագործման իրավունքի օտարում)։
2. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցվում է համապարփակ իրավահաջորդության կարգով (1105 հոդվածի 1-ին կետ )։
3. Իրավատերը կարող է այլ անձի հանձնել որոշակի սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն (լիցենզիա)։ Թույլտվությունը պահանջվում է ստեղծագործությունն ինչպես նախնական, այնպես էլ վերամշակված ձևով` ներառյալ թարգմանության, դաշնակման և այլն, օգտագործելու համար։
4. Ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն (1105 հոդվածի 2-րդ կետ)։ 

Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը։ Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը։ Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում։ 
Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար։
2. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի և այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։

Հոդված 1127. Գույքային իրավունքների սահմանափակումները 

1. Գույքային իրավունքների սահմանափակումները կիրառվում են պայմանով, եթե դրանք անհարկի վնաս չեն պատճառում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը։
2. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի և այլ անձանց գույքային իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում։

Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
1. -ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ե.
Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ։
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա։
4. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի
Հանրապետության տարածքում


1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։
2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում։
3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։ 
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։

Հոդված 1130. Հեղինակային իրավունքի գործողության սկիզբը
1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից՝ անկախ դրա լույս ընծայումից։ Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից։
2. Եթե ստեղծագործության վրա չի տարածվում սույն օրենսգրքի 1129 հոդվածի գործողությունը, ապա նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պահպանվում է ստեղծագործության առաջին հրապարակման պահից, եթե դա իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում։

Հոդված 1131. Գույքային իրավունքների գործողության ժամկետը 
1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի։
2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո 70 տարի։
3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի։ Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները։
4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից։

Հոդված 1132. Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը

1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության։
Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն։
3. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու։ Ընդ որում, պետք է պահպանվեն հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Հոդված 1133. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար։
2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը։
3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը, առանց ժամկետային սահմանափակման։
Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների աշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։
4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով։
5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 1134. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը։ Հեղինակային պայմանագիրը
1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ։
3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք, պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը։ 4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը, պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով։ Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը։
5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են։
7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները։

Հոդված 1135. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական։
2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով, կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով։ 
Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ 
3. Հեղինակային պայմանագրում տարածքի (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով։
4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ։ 
5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին։
6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում։
7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին, կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առոչինչ են։
8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր։

Հոդված 1136. Պատասխանատվություն ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար
1. Առանց իրավատիրոջ թույլտվության ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։ 
2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝
ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`
բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ բաց թողնված օգուտը։

Հոդված1137. Պատասխանատվությունն ստեղծագործությունն առանց պայմանագրի օգտագործելու համար 

1. Առանց իրավատիրոջ հետ պայմանագիր կնքելու ստեղծագործությունն օգտագործող իրավախախտողը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները՝ ներառյալ բաց թողնված օգուտը։ Իրավատերն իրավունք ունի իրավախախտողից վնասների փոխարեն գանձել խախտելու հետևանքով ստացված եկամուտները։
2. Ստեղծագործության օգտագործելը հեղինակային պայմանագրով չնախատեսված եղանակով կամ այդպիսի պայմանագրի գործողության ավարտից հետո համարվում է առանց պայմանագրի ստեղծագործության օգտագործում։

Հոդված 1138. Հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորումը

Հեղինակային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

Լրահոս