12/12/2010

Բարև, Սուս...

Օրվա մեջ հազարից ավելի հարկադիր բարև ասելուց հետո,բարին  ավետող այդ բառը տհաճ էր դարձել նույնիսկ լսելը: Ես չէի էլ փորձում կարդալ այն մտքերը, որոնք ինձ էին հասցեագրված, բայց ամփոփված էին այդ բառի մեջ: Ու հանկարծ մի ձայն, որի հարազատ դառնալու համար անգամ վայրկյաններ չպահանջվեց:
-Բարև, Սուս:
 Ես չհարցրեցի ծանոթ ենք արդյոք: Ես պարզապես բարևի իրական իմաստը հասկացա: Զգացի ինչպես եմ փայլում օտար աչքերում, համոզվեցի, որ ամենամտերիմ կարծվածը այնքան ջերմություն չուներ աչքերում ինձ ողջունելիս, քան նա ով անունս հենց նոր կարդացել էր: Ես էլ սեղմեցի բառերը, զտեցի այնքան մինչև մի ծավալուն բարև դարձավ:
......ու հազարավոր բառերի փոխարեն Ժպիտ, որը չի թարգմանվում:
Ես ինձ այնքան ուժեղ ու կայուն զգացի այդ հայցքում, այնքան վստահելի ու գնահատված, որ պատրաստ էի, ոչ միայն կյանքս, այլև աշխարհը փոխել:
Այսօր միայն այդ բարևի կարիքն եմ զգում ու...նորից կապրեմ, նորից կապացուց,  որ սխալս մի մեծ  բան չէր, որ արժանի եմ նվաճելու իմ բարձրունքը, որ...
Սակայն երբ քաջալերիչ անցանոթ-մտերիմ բարևը հնչում է, հասկանում եմ, որ ապացուցելու ոչինչ էլ չունեմ:  Ես այսպիսին եմ.մերժված թե սիրված, պարտված թե հպարտ... և ամենևին էլ կարիք չկա ինչ-որ բան ասել:
Շնորհիվ մի բարևի ես ծանոթացա ինձ հետ, վերգտնելով այն ինչ իրականում չէի էլ կորցրել, և անկարող լինելով վերարտադրել այն քնքշությունը, որը շոյում է ականջներս ու հոգիս, պարզապես մեջբերում եմ.
_Բարև, Սուս..

10/31/2010

Ճերմակի սով

Ու նորից ինչու: Ինչու կա այսքան սև  աշխարհում: Սև կա ոչ միայն աշխարհի գունավորումների մեջ, այլև անաղարտ կարծված ճերմակի մեջ: Իսկ Դու ասել ես. “Մի դատիր”:  Գուցեև չեմ դատում, պարզապես գնահատում եմ…Իսկ Դու ասել ես “Քո հասկացածից ավել մի քննիր”:

10/30/2010

Իմ Անունը

Լինդա, Արմո, Սինդի, Անզա ու մի շարք այսպիսի ինքնաստեղծ անուններ, որոնք հայտնվում են մեր էկրաններին փորձելով համոզել, որ իրենք ինքնատիպ են ու չկրկնվող: Թե որքանով է դա այդպես մեկնաբանելու կարիք չկա, պարզապես ուզում եմ անդրադառնալ նրանց անուներին:
Մարդիկ ինչ ասես կարող են ընտրել որպես բեմական կեղծանուն, անգամ ձկան ու հյութի , միայն թե խոսվեն ու հիշվեն դրանք:

10/12/2010

Սիրիր Երևանը քո մեջ

 Երևան ջաաաան…..
Երեկ երևի այն միակ օրն էր, երբ ամբողջ քաղաքի կոկորդին միաժամանակ կանգնել էին այս բառերը:
Երեկ այն միակ օրն էր, երբ կարելի էր քաղաքը սիրել բարձրաձայն:
Երեկ այն միակ օրն էր, երբ Հյուսիսային պողոտան քարե անշնչությունից վերածվել էր ապրող քաղաքի:
 Երեկ այն միակ օրն էր, երբ Մաշտոցի պողոտայում կանգնած ավտոտեսուչը երազանքով էր հաշվում թե որերորդ առանձնատունը կունենեար, եթե արտոնված լիներ տուգանել խախտում անող հետիորդներին:
Երեկ այն միակ օրն էր, երբ երևանցին Հախվերդյանի հետ երգեց “անտերուդուրս գյուղացիները դարձան քեզ տեր ու տիրական….”, բայց հոգու խորքում հավատաց, որ Երևանը մենք ենք:
Երեկ այն միակ օրն էր, երբ  զբոսաշրջիկների ու շրջանի բնակիչների պես մենք էլ մեզ զգացինք լիիրավ քաղաքացի….
Երեկ այն միակ օրն էր, որի մասին խոսելիս չարժե բողոքել տրանսպորտից, երգիչների անճաշակությունից, փուչիկների թանկացումից ու չարժե հաշվել, թե ծախսված գումարով քանի անտուն կկշտանար:
Մեկ օր, տարվա մեջ ընդհամենը մեկ օր, էգոիստ եղիր, երևանցի, ու գոնե մեկ օր ապրի այն գիտակցությամբ,որ Երևանը Դու ես և Երևանում սիրիր Երևանը քո մեջ:    

8/28/2010

ԱՐԻ ԹԱՐԳԵՆՔ ԷԼԻ...

Նեղանաս թե չէ, պիտի խոստովանեմ , որ դու ինձ համար նույնն ես ինչ քո համար ծխախոտը: Կախվածություն է թե սովորություն` վտանգավոր է. քո թոքերն են ցավում, իմ` սիրտը: Ծիծաղում ես : Բայց ես լուրջ եմ ասում:
Ես երբ առաջին անգամ վախվխելով մտածեցի քո մասին, դա այնքան նման էր քո առաջին գլանակ բռնելուն: Երկուսս էլ գլխապտտույտ ենք ունեցել: Երկուսս էլ թաքուն անհարմարություններ ենք ենք զգացել:

7/23/2010

Մի՛ թողեք, որ կինն արտասվի

Այս բանաստեղծության հեղինակը ես չեմ, սակայն քանի որ այն շաաաաաատ լավն էր, որոշեցի տեղադրել իմ մոտ: Ափսոս չգիտեմ թե ով է հեղինակը:

Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ո՛չ բքին, ո՛չ ցրտին, ո՛չ մթին 
Ինչ աղետ էլ, թեկուզ պատահի,
Ո՛չ սիրուց, ո՛չ մեղքից, ո՛չ չարած
խոստումից ամոթի, 
Մի՛ թողեք , որ կինն արտասվի։

Ինչքան էլ խոր ձեր սիրտը խոցվի
Նրա խոսքերից անմտած.

7/11/2010

ՑԵԽԱԳՆԴԻԿ

Մեր բակի ձյուն ու ձմռանը կարոտ երեխեքը նոր խաղ են հնարել: Մոտակայքում  որտեղ շինարարություն կա, այնտեղ էլ լիքը երեխեք, ովքեր Ցեխագնդիկ են խաղում: Որ ձյուն չկա, հո չի նշանակում որ իրար վրա շպրտելու ուրիշ բան չկա: Երբ այսօր էլ թռչող ցեխագնդիկներից մի կերպ խույս տալով  տուն էի գնում, զուգահեռներ չանցկացնել չկարողացա զուտ հայկական ծագում ունեցող ցեխագնդիկի ու այսօրվա մի ողբերգական ու ծիծաղելի միջադեպի միջև:

7/01/2010

Ես կարոտել եմ

...Բայց ոչ միայն ես:
Քաղաքն է կարոտել ինձ ու քեզ:
Շիկացած ասֆալտը փնտրում է մեր խենթ ոտնաձայները...
Այն այգու կանաչը փնտրում է մեր ոտնահետքերը:  Ծառերը, որոնց շվաքում մի օր նստել ենք, սպասում են թե երբ են ականատես լինելու մեր հանդիպմանը:
Թռչունները, որոնք մի օր մեր շշուկներին էին խառնել իրենց դայլայլը, սպասում են այն ամենակարևոր բառերը լսելուն ու ծլվլալու այդ մասին: Հիշո՞ւմ ես վարդերը... ո՜նց են կարոտել մատներիդ ջերմությունից մազերիս սանձարձակությանը անցնելու խաղին: Իսկ աստղե՞րը.. մինչ օրս որոնում են այն անմեղ զույգին, որ անմեղ տենչանքով ձեռքերը հպեց երկնի անհունին..

Բնությունը կարոտում է մեզ... Ո՞ւր ես...

6/25/2010

Անվճար բուժսպասարկո՞ւմ

 Թե՞ ձրի քաշկրտուք:

Բավական ժամանակ է, որ Առողջապահության Նախարարության որոշմամբ բժշկական ստուգումները դարձել են անվճար: Մի քանի օր առաջ, իհարկե ոչ այդ առթով գնացել էի պոլիկնինիկա: Շեմքից ինձ դիմավորեց ծանր օդը, քանի որ համայնքի բնակաչության երևի 85%-ը տեղավորվել էր այդ 33 քմ-ում: Սկզբում կարծեցի թե չարտոնված հավաք է, սակայն այցելուների դեմքերին ուշադիր նայելով հասկացա, որ ճիշտ եմ եկել: Գտա գրանցման սենյակը .
-         Անկետա ունե՞ք – բարևիս չպատասխանելով բուն գործին անցավ բուժքույրը:

Լավ, երևի աղմուկ էր, չլսեց: Ես ավելի լայն ժպիտով փորձեցի նորից սկսել.
-         Բարև ձեզ: Ինձ մանկական պոլիկնիլիկայից ուղեգիր են տվել, քանզի 18 տարիս…
-         Աղջիկ ջան, կյանքդ լսելու ժամանակ չունեմ, տես ինչ հերթ ա: Ես անկետայով եմ ընդունում:

Երկխոսություն

Մտերմացել եմ մենակության հետ: Թախիծը ինձ համբուրելով է արդեն ողջունում, տխրությունը էությունս է դարձել...
Ու՞ր եմ գնում:
Քեզ մոտ չեմ գալիս:
Ինչպե՞ս թե ինչու:
Այսպես լի ու դատարկ, այսքան տաք ու սառած, ու՞ր գամ, ո՞նց գամ: Արցունքներ չունեմ:
Ժպի՞տս:
Չէ, նա էլ չկա, իր էժանագին փոխանորդն է հիմա, որ կախված է ամեն մեկի հայացքում...
Ուրի՞շ:
Հ՜ա, սիրտս... չ՛է, նա էլ այն չէ: Սառույց է, ամբո՛ղջը, իսկ սառույցի տակ ինչ՜եր կային... Ես էլ չեմ հիշում:
Դու էլ մոռացիր:
Ես մի կյանք էի կրում իմ մեջ, որն ավարտվեց:
Հիմա մնում է...

                Քեզ ինչ, թե ինձ ինչ է մնում...

6/24/2010

Հասարակական տրանսպորտում

Եթե  գեղարվեստական ֆիլմերից մեկում բաց տեսարաններ են հանդիպում, իսկ ձեզ մոտ անչափահաս երեխա կա , ապա դուք բնականաբար կշտապեք փակել նրա աչքերը: Թույլ տվեք նկատել, որ ձեզ անհրաժեշտ է ևս երկուսը, երբ այդ երեխայի հետ բարձրանում եք երթուղային տաքսի:
Առավոտյան դասի շտապելիս երբեք ուշադրություն չեմ դարձնում թե քանի տասնյակ մարդ է տեղավորված 14 հոգու համար նախատեսված տրանսպորտում, այլ ինձ ներս եմ գցում ու ջանում գոնե դուռը փակել:

6/16/2010

Նամակ սպիտակ թղթի վրա

      Ու լաց եմ լինում բոլոր այն ճերմակ թղթերի համար, որ քեզ ուղղված նամակ չդարձան այդպես էլ: Ու գրիչս է հուզված: Մոգոնում է գունավոր բաղձանքներով լի մխիթարանքներ, որ լցնի էջիս, թե՞ սրտիս դատարկությունը... Դու մեռա՞ր արդյոք չարտասանված խոսքի փոթորկից, թե՞ ինքնասպան եղար պատասխաններ որոնելուց ուժասպառ եղած...
        Միևնույն է չկաս... Ու ցավով երբեմն գիտակցությանս մեջ ուրվագծվում է մի ճիչ "Դու չես էլ եղել": Ատամներովս պահում եմ, որ լեզուս բառերի չվերածի հոգուս ողբը, որ օդը հանկարծ չլցվի սուգով, որ երկնքի աչքը չթացանա իմ լռած ցավից...
          Միայն ես գիտեմ, գիտի գրիչս ու ... ուրիշ ոչ ոք:
          Միամտորեն ինձ նայող այս մաքուր թուղթը դեռ գրչիս հեսանքից բան չի հասկանում: Ապշած գգվում է բառերիս մեկ-մեկ ու խոնարհ լռում:
        Իսկ ե՞ս, այտերիս իսկ չասած գաղտնիքը սրան եմ բացում... ես չեմ ափսոսում, որ ոչ իսկ երկինքը լսեց իմ լացը` նայելով թղթիս շփոթությանը:
      Մարդկային աչքեր, անտարբերությամբ լի, ո՜չ, չեն նայելու այս խոնավ թղթին: Ափսոսանքս միայն քո չլինելն է, թեփով լի պարկի մոխրացումն է,  թափված արցունքիս գոլորշացումն է ու ... այս թղթի պես խոնարհեցումս է...

6/09/2010

Դու շատ մոտ ես, բայց և հեռու.

Դու չհասկացար...
Չհասկացար, թե չկամեցար հասկանալ: Ով գիտե: Աստված: Նրան չեմ դիմել: Չեմ էլ դիմի: Իմ սխալների հետևանքների մասին նրան հարցնեմ: Ես սխալվել եմ, շատ եմ սխալվել: Նորից եմ սխալվել: Ինչպես նախորդ անգամ ասում եմ ինքս ինձ. "Վերջին անգամն եմ սխալվում":
Քեզ կարոտել էի. հեռվից նայում էի ու մտածում... որ շատ եմ սխալվել:
Դու անմեղ ես:
Ես կլանված նայում էի քեզ, երբ դու կարդում էիր նամակս:
Ես պատկերացնում էի, թե ինքս եմ ասում դրանք քեզ (Ոչ, ես դրա համար չէ, որ լաց էի լինում):
Դու գլխահակ թերթում էիր գրածներս մեկիկ - մեկիկ: Դու գրեթե... Ես համարյա...
Մենք իրարից մի քանի մետր էինք հեռու:
Դու չհասկացար: Չհասկացար, թե չկամեցար հասկանալ:

(Ես դրա համար էր, որ լաց էի լինում):

6/06/2010

Ինձ մնում է նորից աղոթել…

Նորից ընկնում եմ արքայական մեծությանդ առաջ և զարմանում. “Ինչպե՞ս”:
Հիմա դժվար է թվում . “ինչպեսը” , իսկ “Ինչու”-ի մասին վախենում եմ խորհել:
Շոգ է: Րոպեներ առաջ մողեսի  պես կպել էի եկեղեցու տաք քարերին ու արևից աչքերս բացել չկարողանալով տրվել էի այն մտքին թե աշխարհում ամեն բան իր տեղում է. թե կա ցուրտ, կա նաև շոգ, թե կա անձրև կա նաև արև, որն արցունք կերտող անձրևի բոլոր կաթիլները չորացնում է, թե կա տրտմություն, կա նաև ճիշտ այսպիսի գոհ ու երանելի վիճակ…մնում է միայն մրմնջալ. "Փառք Աստծո…”.
Դեռ շոգ էր: Եղանակի մեջ ոչ մի փոփոխություն չկար: Ես պոկվեցի  քարերի ջերմությունից, դուրս եկա եկեղեցու ետևից ու…դեռ շոգ էր:
Եկել էր քույր Աստղիկը: Չորս տարի վանքում մնալուց հետո գնացել էր ու հիմա եկել էր, որ նորից գնա: Չկարծեք թե նախադասությունս տարօրինակ է, քանզի անկապ եմ շարադրել. չէ, պարզապես ես իմպրեսիոնիստ եմ, գրում եմ անմիջական տպավորության տակ, իսկ քույր Աստղիկի այցը տարօրինակ զգացողություններ թողեց:
Նա գնում էր աշխարհ վերջնականապես: Նա դա նոր չէր որոշել և ես էլ բավական երկար ժամանակ ընտելացել էի այդ մտքին, բայց ինչ-որ կերպ նրան դեռ վանքում էի  զգում , այսինքն վանքից չանջատված մասնիկը…
Նրա իրերը դեռ իր սենյակում էր. զգեստները , գրքերը , հոգին …Այսօր նա եկավ ու տարավ այդ ամենը  /միայն հոգու հարցում մի քիչ կասկածում եմ/ : Թե ինչու գնաց չեմ ուզում գրեմ. քաղաքում արդեն իսկ այնքան լուրեր են պտտվում, որ նախընտրում եմ չլրացնել ոչ մեկին, հակասել բոլորին:
Մենք հանդիպեցինք իր սենյակում : Նա ինձ թեթև բարևեց,  ցանկանալով այդքանով եզրափակել ողջույնի դիալոգը: Ես մոտեցա ու գրկեցի նրա փոքրացած ուսերը: Նա մնաց անշարժ: Քույրերը նրա իրերը արդեն հավաքել էին և նա օտար էր զգում իր նախկին սենյակում: Ես  մուտքի մոտ կանգնել և չէի շարժվում: Երևի ես նրանց պետք է մենակ թողեի, բայց չէի ուզում: Քույր Եղիզաբեթը փորձառու միանձնուհի ճանապարհողի պես գիտեր ինչ ասել, ինչ անել:  Քույր Տաթևը կանգնել էր սենյակի կենտրոնում , մոլորված էր ավելի քան քույր Աստղիկը, ով արդեն ընդհամենը Աստղիկն է: Եվ ես հասկացա , որ ամենևին էլ իննը տարվա փորձը չէ օգնում մարդուն, որ դիմակայի նման դեպքերում,այլ… չգիտեմ, ես քույր Եղիասաբեթին վերլուծել  ի զորու չեմ:
Մենք տանում էինք նրա իրերը դուրս,իսկ նա մեր ետևից էր քայլում: Ամենավերջում ես կանգնած էի դրսում, դռան կողքին, քույրերը նրա իրերը տանում էին դեպի մեքենա, իսկ նա շփոթված նայում էր նրանց ետևից, ապա դիմեց ինձ.” Հաջողություն”: Ես նորից առանց նրա կողմից որևէ ցանկություն զգալու գրկեցի նրան. “Քեզ շատ եմ սիրում: Կաղոթեմ քեզ համար, քույր Աստղիկ”: Նա շրջվեց ու հազիվ լսելի ձայնով շնորհակալություն հայտնեց: Հետո գնաց եկեղեցու առջև խոնարհվելու: Արցունքներս այնքան բնական թվացին այդ ժամանակ, որ ուշադրություն չդարձրեցի: Ես փախա սենյակս ու…ՓԱԽԱ…Փախչելը այնքան հանգիստ եմ գրում ասես մեղք չէ, որ խոստովանում եմ: Գուցե դրա համար դուրս եկա եկեղեցու ետևից , որ առջևից ու բաց  աչքերով տեսնեմ ամենը: Ես աշխարհում չդիմացա կեղեքմանն ու փախա վանք: Վանքում չեմ դիմանում փորձություններին ու փախնում թաքնվում եմ եկեղեցու ետևում,որ արցունքներս թաքցնեմ: Ումի՞ց: Ինձանից: Երբ չոր աչքերով դուրս եմ գալիս եկեղեցուց, ինձ էլ է թվում թե չեմ կոտրվել, երբ ինչ ոչ մեկը իր հայացքով շորհավորում է աշխարհի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, ինձ էլ է թվում թե հաղթել եմ: Ո՞ւմ: Ինձ ու իմ մեջ ողողված աշխարհին: Հենց այստեղ է, որ պիտի դժվարանա քույր Աստղիկը. հաղթել աշխարհին աշխարհում:
Շնորհակալ եմ Տեր, որ լույսդ ծագեցնում ես հենց իմ սխալների ու երկմտությունների վրա:     

Վախենում եմ իմ վախից

Մինչև ատամներս զինվում եմ  անկեղծությամբ և ինքս իմ առաջ կանգնելով համարձակ խոստովանում եմ
-Վախենում եմ:
-Եվ ինչի՞ց:
- Ոչ թե խաբվելուց, ոչ թե հիասթափվելուց, ոչ արցունքներից... ես... ես վախենում եմ... երջանիկ լինելուց: Ինչպես փոքրիկ աղջիկը առնետ տեսնելով  ցատկում է աթոռի վրա, ինչպես միայնակ օրիորդը խուսափում է կեսգիշերին միայնակ դուրս գալ փողոց, այդպես էլ ես վախենում եմ, երբ օդը, բառի բուն իմաստով լցվում է թոքերումնս, սիրտս սկսում է անհոգ բաբախել, արյունս ազատ է շրջում  երակներումս, աչքերս շողում են, երբ հոգիս ապրում է... Վայրկյան իսկ չանցած հետևում է կայծակը վախի, փոթորիկը երկմտանքի. "Այն ի՞նչ էր... ի՞նչ աղետ էր... ի՞նչ չարագուշակ անդորր  էր..."
 Սարսափո՜ւմ եմ իմ վախից:

6/05/2010

Ես ինչ եմ ուզում

Խաբվե՜լ եմ ուզում .
          Քնքուշ խոսքերիդ, սուտ երդումներիդ,
          Հավերժ սիրելու քո խոստումներին:

Թախծե՜լ եմ ուզում.
         Սիրո կարոտից, երկար թվացող այս բաժանումից
         Եվ քո զանգերի ուշացումներից:

Լացե՜լ եմ ուզում.
         Թեթև հուզմունքից, (ինչո՞ւ ոչ) խանդից,
         Միասին դիտած ֆիլմի սյուժեից:

Գոռա՜լ եմ ուզում.
          Ամենաբարձր գագաթին կանգնած այս մոլորակի
          Գոռալ եմ ուզում իմ սիրո մասին:

Լռե՜լ եմ ուզում.
          Երբ քո հայացքը դիպչի հայացքից,
          Ուզում եմ լռել, որ լավ ունկնդրեմ լեզուն աչքերիդ:

Ապրե՜լ եմ ուզում.
         Միա՜յն քեզանով, միա՜յն քո սիրով,
         Քո հեքիաթներով, ու շնչառությամբ քո անհագ սիրո:

ԱՆՁՐԵՎ

ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ
  


Եվ ինձ թվում է թե հիասթափությունը լցված է օդի մեջ: Արև չկա: Լույս չկա: Օդը դառն է:  Ես շնչում եմ երազներով, որոնք փուչ են: Խեղդվում եմ:






ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Աստված   անձրևը ուղարկում է միայն այն ժամանակ, երբ արցունքներս գոլորշիանալով վեր են բարձրանում ու ամպեր դառնում: Ես որոնում եմ արցունքներս ու չեմ գտնում: Երկինքն է այնժամ արտասվում ինձ համար ու իմ փոխարեն:  Երբեմն գոչումներս են գոլորշանում: Այդ ժամանակ կարկուտն է որպես մխիթարիչ իջնում գլխիս: Կարկուտը թերություն ունի: Ասում են գարնանը ծաղկած մրգատու ծառերի բերքին է վնասում: Բոլո՛րը: Չե՛մ հավատում: Իմ ու ինձ նման անձրևի խշշոցից ու ամպի որոտումից հագեցող մարդկանց հասանելիքն է ոչնչացողը: Մ՛ի խնայեք աղաչում եմ ձեզ, մ՛ի խնդրեք երկնային Տիրոջը, որ լռի անձրևը: Ես դեռ այնքա՜ն գոլորշիացած արցունքներ ունեմ:                                    

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Երկինքը դարձել է դեմք. բերան ունի ու լայն ժպտում է, աչքեր ունի ու կկոցված է, ականջներ ունի ու գոցված են: Ես նայում եմ երկնքի դեմքին: Նա լայն բացելով աչքերը հարցնում է. “Հիմա ի՞նչ ես ակնկալում ինձանից” : Երկնքի ականջները երանությունից գոցված են և ես էլ ժպտում եմ…Իմ ականջներն էլ  ակամայից չեն լսում թախիծի, հիասթափության ու կասկածի ձայները: Ես աչքերս երկնքից չեմ իջեցնում, իսկ նա կրկնում է. “Հիմա ի՞նչ ես ուզում” : Ես սրտիս բոլոր ձեռքերը վեր պարզած  և սրտիս բոլոր ատամները ցույց տալով , սրտիս  ձայնի ողջ ուժգնությամբ բղավում եմ . “ԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ”: Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս: Սիրո քուլաները տարածվեցին երկնքով մեկ… Աստված իմ, որքա՜ն դժվար նորից ներքև նայելը…     
Լրահոս