2/12/2016

Կյանքդ մոխրաման է դարձել․․․

Մատներիդ արանքում ևս մեկ  գլանակ  մոխրացավ։

Ծխի ծանր  շղարշի միջով նայում ես շուրջդ ու  հասկանում, որ էլի  մենակ ես։

Սենյակիդ պատուհանից ներս ընկած մի բուռ  արևը  քեզ չի ջերմացնում ու  դատարկությունից վառում ես հերթական ծխախոտը, որ գոնե ծխով լցնես ներսդ։

  Չեմ կարեկցում քեզ:                                                               

Քո  իսկ  ձեռքով  ծխախոտի նման  վառեցիր  նաև  սերը ու  այդ ծխի  դառնությունը  քեզ դեռ քիչ  է։                     

Կարծում էիր ամեն ինչ  պարզից էլ  պարզ է․ ձեռքդ կտանես գրպանդ ու  կհայտնվի հաջորդը․․․

Սերը  ծխախոտ  չէ. մոխրացող սիրո ծուխը  խեղդում է։
Եվ քանի՞  քանիսն  ես վառել։

Կյանքդ մոխրաման  է դարձել․․․


2/04/2016

Պարոն

Պարո'ն, Դուք այս  էլ  որերորդ  գիշերն   է   այցելում եք ինձ իմ  երազում:
Ոչ, ես բոլորովին էլ  դեմ չեմ. իմ երազի դռները միշտ բաց են Ձեզ համար...
Բայց  ախր  Դուք  գալիս եք կոկիկ, վայելուչ  հագնված`  գծավոր  վերնաշապիկով ու  սև  փայլուն  կոշիկներով, իսկ  ե՞ս... չէ որ  ես այդ ժամանակ  ննջում եմ իմ հնացած գիշերազգստով:
Անհարմար է,  չէ՞...

Մյուս անգամ երբ   իմ  երազում   հայտնվելու  լինեք  ինձ մի  մետաքսաթել  ճերմակ  զգեստ բերեք, որպեսզի  պատշաճ տեսք ունենամ Ձեզ դիմավորելիս:
Այդ ժամանակ երբ  նստեմ  Ձեր  դիմաց  Ձեզ համապատասխան այդ  հագուստով միգուցե  ի վերջո հարցնեմ.
_Ինչո՞վ եմ արժանացել Ձեր  երազային այցելությանը, պարոն..

2/03/2016

Լավ եմ ...

Դու ամեն օր ինձ  բարևում  ես  ու  սիալիր  ժպիտով հարցնում.
- Ինչպե՞ս ես:
Բայց  ես նայում եմ  քեզ ու  հասկանում, որ դու ինձ բնավ չես ճանաչում ու  չգիտես անգամ թե  ես ինչպիսինն եմ:
Ոչինչ չգիտես իմ մասին... չգիտես անգամ, որ ես նման չեմ իմ անձնագրի նկարին, որ  ես լաց եմ լինում անգամ երբ եղունգս է կոտրվում, որ  ես առավոտյան նկարում եմ գոլորշապատ ապակիների վրա և  կատուներին տանել չեմ կարողանում: Դու չես էլ պատկերացնում թե ես ինչ երգ  եմ  լսում երբ մենակ եմ  լինում,  ինչ եմ կարդում երբ կոտրված եմ լինում   և  թե ինչից եմ վախենում երբ կարոտում եմ...
Իսկապես կարևոր չէ՞:
Ուրեմն  ի՞նչ  կարևոր   է թե ինչպես եմ:
Չեմ կարծում թե դու  ուրիշ  պատասխան ես  սպասում.
- Լավ եմ, շնորհակալություն:


Լրահոս