Showing posts with label Առօրյա գրառումներ. Show all posts
Showing posts with label Առօրյա գրառումներ. Show all posts

5/01/2011

ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ

Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել: 
Կեսգիշերային լռությունից զատ ոչինչ չեմ պահում իրականությունից, ամենը ջնջում եմ ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ Կինը չէր մերժել անդորրը: 
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....

Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես  ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից  էլ ծանր...

4/11/2011

«Մարդը փողոցում»

Ներոհիշյալ նյութը գրել եմ անցյալ տարի, գրել եմ, որովհետև մեր դասախոսը հավես չուներ դաս անելու ու որպեսզի դա չզգացվեր, հանձնարարեց նյութ գրել ու քանի որ «ազատ թեմայից» մինչև կոկորդներս կուշտ էինք, օդի մեջ հնարեց «Մարդը փողոցում» :
Ես առանց վարանելու, կողմնորոշվեցի ինչի մասին եմ ուզում գրեմ, ավելի ստույգ ում մասին եմ ուզում գրեմ, քանի որ նույն առավոտյան հանդիպել էի Նրան:
«Անհատը ձևավորվում է հասարակության մեջ ու ըստ այդմ խորհուրդ է տրվում հարմարվել միջավայրին, քան ուրիշներին ստիպել, որ քեզ հարմարվեն: Ու այսպես հարմարվելով , մի օր էլ հասկանում ես, որ շատ փոքր անգամ անհատականության դրսևորումը դառնում է հասարակության նեգատիվ վերաբերմունքի, լավագույն դեպքում բուռն քննարկման առարկա: Առավոտյան հանդիպեցի մի տղամարդու: Կանգառում կանգնած յուրաքանչյուր ոք հայացքով զննում էր նրան: Անթաքույց լսվում էին հեգնական ծիծաղներ: Մոտ քառասուն տարեկան այդ տղամարդը կրում էր լայն ջինսե տաբաթ ճղճղված փողքերով , հագին նեղ սպորտային վերնաշապիկ էր, թևերին դաջվածքներ էին, իսկ ամենաուշագրավը  ձեռնաշղթա հեցնող ակնջօղերն էին: Նրա մեջքից թաց հյուսք էր կախված:
Նա կանգնած էր հպարտ և թվում էր մուգ արևային ակնոցների տակից չի էլ նկատում շրջապատող հայացքները:
Նրա վերնաշապիկին գրված էր.«nothing gonna change my world »(ոչինչ ի զորու չէ փոխել իմ աշխարհը) :
«Արտասահմանցի է»,-մտածեցի ու տխրեցի: Մենք այդ տարիքի հայ տղամարդուն սովոր ենք տեսնել սպիտակած, կարճ մազերով, անհատականությունը ոչնչով չընդգծող հագուստով, աշխատանքից կոշտացած ձեռքերով, հոգնած աչքերով և ոչ թե սեփական ապրելակերպի մասին հուշող վերնաշապիկով:
Ես այդպես էլ չիմացա, թե նա որ երկիրի ներկայացուցիչ, բայց այնպես ցանկացա, որ հայ լիներ: Իրականում, ինձ ամենևին էլ հարազատ չէր նրա ոճը,պարզապես գրավիչ էր նրա ինքնավստահությունը և տարիքը անհատական ոճի, վարքագծի դրսևորման համար խոչընդոտ չդարձնելը...
Ես ծիծաղեցի ծիծաղող երիտասարդների փոքր աշխարհընկալման, սահմանափակ մտածողության վրա, որ կարող են մարդուն ընդունել կամ ծաղրել արտաքինից դատելով....»:
Ես իհարկե տպավորված գրել էի ու արդարացրել այդ մարդուն առանց դատի դատապաշտպանի պես, բայց դա էական չէ, հետաքրքիրն այն է, որ փողոցում քայլող հազարավոր մարդկանցից ես հիշեցի ու գրեցի կարծիքս նրա մասին, ում  ամենևին դա չէր հետաքրքրում:
Կյանքը այնքան կարճ է ու ժամանակը հազիվ կհերիքի քեզ համար, քո ճաշակով ապրելուն:
Իսկ հեղինակություն պիտի վաստակել տաղանդով, սեփական աշխատանքով.....մի խոսքով այն ամենն ինչ տեսանելի չէ փողոցի անցորդին:

4/07/2011

Ես գնում եմ ԲԱՆՋԱՐԻ

Վերջապես ես կրկին հնարավորություն ունեցա բանջար հավաքելու:
 Կթվա պարզ ու անհետաքրքիր գործընթաց է ու կարիք չկա դրա վրա ժամանակ ծախսել, սակայն երբ առաջին անգամ մոտ մեկ տարի առաջ պատահաբար մասնակից դարձա այդ գործընթացին, սկսեցի սիրել և տապակած կանաչիները և հատկապես դրանց հավաքելը:
Երեկ, երբ Մեծամորում էինք, սկիսուր մայրիկս իմանալով նախասիրությունս կազմակերպեց այդ արարողությունը իր աշխատավայրի հարակից տարածքում...
Հողի հետ շփումը անհրաժեշտ է բոլորին , հատկապես մտածող մարդկանց: Այնքան հաճելի ժամանակ կարող ես անցկացնել, այնքան անսովոր ու հետաքրքիր մտքեր, որոնք չեն ծնվում ասֆալտապատ փողոցներում, ծնվում են բնության հետ մոտ շփման ընթացքում:
Երևի տարօրինակ էր տեսնողների համար իմ անհամապատասխան հագուստն ու արածս աշխատանքը, բայց ես, իսկապես, չէի ափսոսում սպիտակ բոթասներս, այլ վայելում էի արևն ու հողի հոտը:
 Ամենահետաքրքիրն այն էր, որ նախատեսվածից շուտ պատրաստեցինք ու ճաշակեցինք, քանի որ հյուր էին եկել ամուսնուս ընկերները ու կարծես թե հավանեցին « Սուսիի հավաքած բանջարը»:
 Բանջարի անվճար գովազդ ստացվեց,բայց դա էլ մի ուրիշ հաճույք է, մի օր ժամանակ գտեք ու գնացեք բանջարի :

4/03/2011

ԱՊՏԱԿ

Մանկությանս տարիներին, երբ մայրս ապտակում էր սխալիս համար, ձայնիս ողջ ուժով լաց էի լինում: Մայրս նորից էր ապտակում, որ լռեմ.....
Հետո սովորեցի լուռ արտասվել ու  հմտացա անձայն կռվելու մեջ:
              Հիմա, եթե անգամ բարձրաձայն եմ վիճում, լաց եմ լինում նույն խեղդված լռությամբ`  կրկնակի չապտակվելու բնազդով, թե թուլությունս չմատնելու մոլուցքով, չգիտեմ:
 Մանկությանս տարիներին մայրս համբուրում էր կարմրած այտերս, որտեղ իր մատնահետտքերն էին ու ես նորից սիրում էի նրան:
  Հետո մոռանում էի լացս ու գրկում աշխարհի ամենալավ մայրիկին:
               Հիմա չեմ սպասում համբուրեն ինձ , բավական է չորանան արցունքներս ու նորից սիրում եմ նրանց.........նրանց, ում մատնահետքերը դեռ այտերիս են............


3/29/2011

89 ԳԱՐՈԻՆ ԱՅՍ ՓՈՇՈՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այսօր երթուղայինում մի դեպք պատահեց, որը միայն այնտեղ կարող էր պատահել, բայց հետո իմ ներսում այդ դեպքից հետո այնքան բան փոխվեց, որ հասկացա` հասարակական տարանսպաորտը անհատի ձևավորման հարցում հսկայական դեր ունի: Ես կատակ չեմ անում, որքան էլ չափազանցված թվա վերջին միտքս:
      Երթուղային բարձրացավ մի տատիկ. ավելի ստույգ նրան մի կերպ բարձարացրեց մի տղամարդ: Ներսում բոլորը խառնվեցին իրար. տեղ զիջեցին, օգնեցին նստել....տատիկը դժգոհ ու նեղված տեղավորվեց իմ ետևի նստարանին.
-Էս ծերությունը մի բան չի,- փնթփնթում էր նա,- պիտի ծայրահեղ դեպքում տնից դուրս գաս, մեկը չկա օգնի , բարձրացնի.....
Երկու կանգառ անց բարձարացավ մի ուրիշ տատիկ: Կողքիս երիտասարդը անմիջապես բարձարացավ տեղից:
-Բա դո՞ւ, այ տղա ջան:
-Կկանգնեմ, տատ ջան, ոչինչ:
-Թող զիջեն էլի, այ կնիկ, մենք մեծ ենք արդեն, իրանք ջահել են թող կանգնեն, բան չի լինի,- ետևիցս սկսեց նույն դժգոհ ձայնով խոսել այն տատիկը, -Էս ծերությունը պատիժ ա, մահ ա էլի, դանդաաաաղ մահ:
Կողքիս նստած տատիկը շրջվեց.
-Քանի տարեկան ե՞ս:
-73,-տանջվելով պատասխանեց,-դու ջահել ես հ՞ա երևում, քանիս ես՞:
-89: Էս տարի ձմռանը 90 կդառնամ,- զվարթ ձայնով պատասխանեց ու հավատացի, որ իննսունը կանցնի էլ, աշխարհի հետ հաշտ այդ կինը:
Բոլորը թեքվեցին դեպի իմ կողքը նստած տատիկը.
-Չէ, բայց իրոք ջահել ես երևում...

3/13/2011

Ես Բլոգեր Չեմ

Գուցե մի փոքր անսովոր է բլոգում նման վերնագիր տեսնելը, սակայն դա ոչ թե մեջբերում է, այլ ինքնագնահատական, որը գուցե դիտվի մեծամտություն կամ  անկեղծություն:
 Ես հակված լինելով երկրորդ տարբերակին ավելացնեմ, որ ես պարզապես ստեղծագործող եմ, ում գործերը հրապարակվում են  բլոգում:
 Իսկ ԲԼՈԳԵՐԻ կոչումը ինձ սկսեց տհաճ թվալ այն օրից ,երբ ծանոթացա հայ  ԲԼՈԳԵՐ կոչվող մարդկանց գրառումներին:
   Ես իհարկե դեմ չեմ, որ բլոգը դա էլեկտրոնային օրագիր է և այնտեղ կարող ես հրապարակել սրտիդ ուզածը ու մեկնաբանել սրտիդ ուզածով, սակայն չեմ կարող թաքցնել հիասթափությունս, ավելի անկեղծ`չեմ ուզում: Ընդհակառակը , առաջարկում եմ մեկ ժամ տրամադրել, տեսնելու համար թե ինչ է կատարվում ամենաընթերցվող բլոգներում և համոզված եմ կհասկանաք ինչի մասին է խոսքը:
  Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ այսօր հազարից ավելի հայեր , կոտրելով բարդույթները արտահայտվում են, անկեղծ կիսվում իրենց հոգսերով, մտքերով, սակայն նաև վախեցնում է այն հայերենը , որով նրանք մտածում ու գրում են, այն եզրահանգումները, որոնց այդպես էլ չեն հանգում :Ճ 
 Շատ հաճախ մարդիկ ընթերցվող բլոգ ունենալու համար գրում են արգելված թեմաների մասին, գրում են անցանկալի բառապաշարով ու որակվում որպես ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ,ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ , դրան ես անվանում եմ  " Հերոստրատյան բարդույթ":
     Խոսքի ազատությունը շռայլել են մեզ , սակայն չարժե նեգատիվ ու այն էլ անգրագետ նյութեր շաղ տալ համացանցում... մտացեք յուրաքանչյուր գրառումը հրապարակելուց առաջ, թե բացի ձեր ինքնաբավարարվածությունից ինչ-որ մեկը ինչ-որ բան կշահի՞:
    Չեմ կարող չհավելել, որ կան նաև բլոգներ, որտեղ կարելի է անցկացնել բավական երկար ժամանակ ու չափսոսել, ստանալ եմ հետաքրքիր ինֆորմացիա և բավականություն:
  Ապրեք գույների մեջ ու ինչ էլ անելիս լինեք մի ոտնահարեք իմ ճանաչած ամենագեղացիկ լեզուն, եթե համակարծիք չեք արտահայտեք դա  այլ կերպ...

3/11/2011

Իմ ու Քո ԳԱՐՈՒՆԸ

     Երբ աչքերումդ տարօրինակ կաթիլներ հայտնվեն, ժպտա` ձնհալ  է:
     Երբ ձեռքերդ առանց նախապայմանի բացվել կուզեն, ճախրիր` Գարուն է:
     Երբ անջուր ծաղկամանից մենակության բույրը տարածող հպարտ վարդը գլուխը կախի,                                                                 դեն նետիր` ձնծաղիկի տոն է:
    Ամեն անգամ քեզ թվում է թե դու գարնանը չես սպասում:  Հրճվանքդ մարդկանցից թաքցնում , իսկ քեզ համոզում ես թե դա ձմռան գնալու հետ է կապված միայն: Սուտ է: Դու գարուն էրի տենչում:
Մի՞թե փողոց գալիս քամու ջերմ հպումից աչքերդ չշողացին, սիրտդ ավելի արագ չզարկե՞ց, արյունդ ավելի անկաշկանդ չվազե՞ց երակներումդ...
Մի՞թե անցնելիք ճամփան շատ կարճ չթվաց, ամենաբարդ խնդիրը դյուրընկալելի, անհնարինը ` հեշտ ու կարելի:
 Գարունը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով առաջացած տաք եղանակ չէ միայն:
 Գարունը տեղ է փնտրում քո սրտում 12 ամիս բնակվելու համար:
  Գարունը...ախր դու ինքդ էլ ես լավ հասկանում թե ինչ է գարունը իմ ու քո համար:
     Երբ տողերիս տակ թաքնված ջերմությունը քո շուրթերին ստիպի ձգվել դեպի անսահմանություն,  ժպտա` Գարուն է:

3/08/2011

ԳՐԱՌՈՒՄ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Եթե ի երջանկություն բազմաթիվ տղամարդկանց օրացույցից մի օր անհետանար մարտ ամսվա 8-րդ օրը , ապա կարծում եմ այդ օրը տխրողների թիվը , որը գերազանցում է երջանիկ զգացող մարդկանց թվին, կնվազեր:  


 Մարտի 8-ը ամենևին էլ մեր իմացած գույնզգույն օրը չէ, շոկոլադե փայլուն տուփեր, նվերեր, ծաղիկներ...
 Մարտի 8-ը ավելի շատ տխուր օր է :  
Այդ օրը միայնակ կանայք   ավելի խորն են զգում են իրենց մենակությունը, միայնակ տղամարդիկ անթաքույց են ծիծաղում այդ եռուզեռի վրա:
Այդ օրը բացահայտվում է տղամարդկանց երևակայության բացակայությունը ու հօդս են ցնդում կանանց սպասումներն ու երազանքները : 
 Այդ օրը "Ծաղկավաճառների միջազգային օր" է  պետք կոչել կամ "Օծանելիքի տոն"...հնարեք ինչ ուզում եք ,միայն թե մի խաբեք ձեզ, թե գոյություն ունի մի օր (չէ մի , միամսյակ), երբ կինը իրեն զգում է գնահատված ...Չէ, հարգելիներս,  տղամարդկանց  համար կինը մնում է անհասկանալի  պահանջներ ունեցող, չափից ավելի ռոմանտիկ ու սենտիմենտալ արարած, որքան էլ հակառակը ասեն :
 Մարտի 8-ի իմ տեսած ամենահետաքրքիր անակնկալները կանացի մտահաղացումներ են , ամենացնցող նվերները `կանացի անսահմանափակ երևակայության արդյունք: 
Եթե չլիներ մարտի ութը գուցե երկնքի աչքով Աստված չտխրեր, որ իր ամենագեղեցիկ ստեղծագործությունը մնում է չգնահատված:
Եթե չլիներ մարտի ութը...երանի չլիներ Մարտի 8-ը ու չգայի այն տխուր եզրահանգմանը , թե այս օրը մտածված է միայնակների մենակությունը ընդծելու համար:

2/26/2011

ԿՅԱՆՔԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ , ՈՉ ԹԵ ՍՈՎՈՐՈՒՄ

Ես եկել եմ 20-րդ դարից :
21-րդ դարի վայրիվերումները խորթ չեն ինձ համար:
Պարզապես հանկարծ թեմաներ են ծնվել, որոնք կարծես ստեղծված են հենց կլորսեղանային բանավեճերի համար:
   " Պահապանողակա՞ն ես, ազգայնամո՞լ, եվրոպամե՞տ....."
Հա, ես 20-րդ դարից եմ եկել ու 21-րդ դարի վայրիվերումները  հաճելի են ինձ:
Երբ ասում եմ պետք է կյանքն ապրել անսահման անկախ ու անկանխատեսելի, սկսում են.
" Բա թմրամոլությո՞ւնը, հարբեցողո՞ւթյունը, համասեռամոլությո՞ւնը  ի՞նչպես գծել չարիքի  ու ազատության սահմանը..":
Երբ ասում եմ որ յուրաքանչյուր մարդ իր աշխարհն ունի, իր ընտրությունը, ասում են ." Բա, որ քո զավակներն էլ այդպիսի ընտրություն անե՞ն" :

2/11/2011

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՐ ԻՄ

        Հաշվում ես…..իսկ մի՞թե տարիները կարելի է հաշվել: Տարիները ապրել է պետք, այնպես ինչպես անսահմանությունը:
    Դու տխրում ես տարվա երկար  սպասված օրվա մոտենալուն պես:
Այդ օրը խենթանալ է պետք քանդելով շղթաները , սրտիդ տալով բաղձալի ազատություն, պետք ճախրել ու  ոչ թե վախենալ վայրեջքից, այլ 2 ափերը լի երազներով վերադառնալ…
    Դու հուզվում ես երբ վառվում են մոմեր ու դու մտքերիդ հորձանքից    փորձում ես  երազանք գտնել ու դուրս մղել մարելով անցյալ տարիների անհաջողությունները , վշտերը, կորուստը , ցավը….22 մոմ պիտի մարես, իսկ դեռ որքան չապրած տաք օրեր կան. այդ մասին մտածիր սեր իմ, քո անմար երազանքների մասին խոհիր:
     Արի պարզապես խմենք քո կենացը, լսենք մեր սիրած երգը , վերաիմաստավորենք մեր ապրածը, մեր միասին կրածն ու վայելածը, որ հասկանանք թե որքան մեծ է մեզ սպասող հաջողությունը:
      Քեզ ի՞նչ նվիրեմ: Վերցրու իմ ունեցած ամենաթանկը, իմ միակ հարստությունը , որ վաստակել, կորցրել, փնտրել ու գտել եմ, վերցրու իմ Սերը, ամենն ինչ ունեմ…Վերցրու ու պահիր, որ քո ամուր ափերում չփշրվի հանկարծ, այլ շնչովդ սնվի ու զորեղ դառնա ամեն ինչ սրբելու, հաղթահարելու, համբերելու, առաջնորդելու…
          - Քո կենացը:

1/06/2011

Քաղաքական Բանավեճեր

Յուրաքանչյուր երիտասարդ, ով դյուզն ինչ հասկանում է քաղաքականությունից,  իր պարտքն է համարում ունենալ իր ուրույն ու անբեկանելի կարծիքը քաղաքական բոլոր իրադարձությունների   վերաբերյալ: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ հաճախ լսարաններում ու անգամ ժամանցի վայրերում սկսվում են այնպիսի թեժ բանավեճեր, որոնց անգամ կնախանձեր Ազգային Ժողովը: Հենց այդ կրքոտ քննարկումների ժամանակ է, որ միմյանց գտնում են իշխանամետները, բացահայտվում են ընդիմադիրները, ի հայտ են գալիս կուսակցականներ ու իրենց պետական գաղտնիքներ տրամադրող բարեկամներ ունեցող մեծախոսներ:

12/12/2010

Բարև, Սուս...

Օրվա մեջ հազարից ավելի հարկադիր բարև ասելուց հետո,բարին  ավետող այդ բառը տհաճ էր դարձել նույնիսկ լսելը: Ես չէի էլ փորձում կարդալ այն մտքերը, որոնք ինձ էին հասցեագրված, բայց ամփոփված էին այդ բառի մեջ: Ու հանկարծ մի ձայն, որի հարազատ դառնալու համար անգամ վայրկյաններ չպահանջվեց:
-Բարև, Սուս:
 Ես չհարցրեցի ծանոթ ենք արդյոք: Ես պարզապես բարևի իրական իմաստը հասկացա: Զգացի ինչպես եմ փայլում օտար աչքերում, համոզվեցի, որ ամենամտերիմ կարծվածը այնքան ջերմություն չուներ աչքերում ինձ ողջունելիս, քան նա ով անունս հենց նոր կարդացել էր: Ես էլ սեղմեցի բառերը, զտեցի այնքան մինչև մի ծավալուն բարև դարձավ:
......ու հազարավոր բառերի փոխարեն Ժպիտ, որը չի թարգմանվում:
Ես ինձ այնքան ուժեղ ու կայուն զգացի այդ հայցքում, այնքան վստահելի ու գնահատված, որ պատրաստ էի, ոչ միայն կյանքս, այլև աշխարհը փոխել:
Այսօր միայն այդ բարևի կարիքն եմ զգում ու...նորից կապրեմ, նորից կապացուց,  որ սխալս մի մեծ  բան չէր, որ արժանի եմ նվաճելու իմ բարձրունքը, որ...
Սակայն երբ քաջալերիչ անցանոթ-մտերիմ բարևը հնչում է, հասկանում եմ, որ ապացուցելու ոչինչ էլ չունեմ:  Ես այսպիսին եմ.մերժված թե սիրված, պարտված թե հպարտ... և ամենևին էլ կարիք չկա ինչ-որ բան ասել:
Շնորհիվ մի բարևի ես ծանոթացա ինձ հետ, վերգտնելով այն ինչ իրականում չէի էլ կորցրել, և անկարող լինելով վերարտադրել այն քնքշությունը, որը շոյում է ականջներս ու հոգիս, պարզապես մեջբերում եմ.
_Բարև, Սուս..

10/30/2010

Իմ Անունը

Լինդա, Արմո, Սինդի, Անզա ու մի շարք այսպիսի ինքնաստեղծ անուններ, որոնք հայտնվում են մեր էկրաններին փորձելով համոզել, որ իրենք ինքնատիպ են ու չկրկնվող: Թե որքանով է դա այդպես մեկնաբանելու կարիք չկա, պարզապես ուզում եմ անդրադառնալ նրանց անուներին:
Մարդիկ ինչ ասես կարող են ընտրել որպես բեմական կեղծանուն, անգամ ձկան ու հյութի , միայն թե խոսվեն ու հիշվեն դրանք:

10/12/2010

Սիրիր Երևանը քո մեջ

 Երևան ջաաաան…..
Երեկ երևի այն միակ օրն էր, երբ ամբողջ քաղաքի կոկորդին միաժամանակ կանգնել էին այս բառերը:
Երեկ այն միակ օրն էր, երբ կարելի էր քաղաքը սիրել բարձրաձայն:
Երեկ այն միակ օրն էր, երբ Հյուսիսային պողոտան քարե անշնչությունից վերածվել էր ապրող քաղաքի:
 Երեկ այն միակ օրն էր, երբ Մաշտոցի պողոտայում կանգնած ավտոտեսուչը երազանքով էր հաշվում թե որերորդ առանձնատունը կունենեար, եթե արտոնված լիներ տուգանել խախտում անող հետիորդներին:
Երեկ այն միակ օրն էր, երբ երևանցին Հախվերդյանի հետ երգեց “անտերուդուրս գյուղացիները դարձան քեզ տեր ու տիրական….”, բայց հոգու խորքում հավատաց, որ Երևանը մենք ենք:
Երեկ այն միակ օրն էր, երբ  զբոսաշրջիկների ու շրջանի բնակիչների պես մենք էլ մեզ զգացինք լիիրավ քաղաքացի….
Երեկ այն միակ օրն էր, որի մասին խոսելիս չարժե բողոքել տրանսպորտից, երգիչների անճաշակությունից, փուչիկների թանկացումից ու չարժե հաշվել, թե ծախսված գումարով քանի անտուն կկշտանար:
Մեկ օր, տարվա մեջ ընդհամենը մեկ օր, էգոիստ եղիր, երևանցի, ու գոնե մեկ օր ապրի այն գիտակցությամբ,որ Երևանը Դու ես և Երևանում սիրիր Երևանը քո մեջ:    
Լրահոս