Showing posts with label արցունք. Show all posts
Showing posts with label արցունք. Show all posts

4/10/2011

ԵՐԿԻՆՔԸ ԻՄՆ Է

 Գարունը կամակոր է.....
Մտքերս քամին մազերիս նման տարածում է իր ուզած ուղղությամբ:
Մտքերիս հետքերով հեռու չեմ գնում, հողին եմ կառչում ու  նայում եմ վեր:
   Վերևում ես եմ..... այդպես էլ չհագած հարսանեկան զգեստի պես ճերմակ ամպերով ու կամակոր գարնան ափերով ծածկված արևի շողով: 
Երկինքը իմն է ու չեն գողանա այն ինձանից ամպրոպները սև: Երկինքը կրում է բոլոր անձևներս իր մեջ ու տրվում ,արցունքի նման...
   Երկինքը իմն է:
              Քամին մտքերս մազերիս նման տանում է իր ուզած ուղղությամբ, իսկ ես հավաքում եմ մտքերս ու ձիգ կապում եմ մազերիս նման:


6/16/2010

Նամակ սպիտակ թղթի վրա

      Ու լաց եմ լինում բոլոր այն ճերմակ թղթերի համար, որ քեզ ուղղված նամակ չդարձան այդպես էլ: Ու գրիչս է հուզված: Մոգոնում է գունավոր բաղձանքներով լի մխիթարանքներ, որ լցնի էջիս, թե՞ սրտիս դատարկությունը... Դու մեռա՞ր արդյոք չարտասանված խոսքի փոթորկից, թե՞ ինքնասպան եղար պատասխաններ որոնելուց ուժասպառ եղած...
        Միևնույն է չկաս... Ու ցավով երբեմն գիտակցությանս մեջ ուրվագծվում է մի ճիչ "Դու չես էլ եղել": Ատամներովս պահում եմ, որ լեզուս բառերի չվերածի հոգուս ողբը, որ օդը հանկարծ չլցվի սուգով, որ երկնքի աչքը չթացանա իմ լռած ցավից...
          Միայն ես գիտեմ, գիտի գրիչս ու ... ուրիշ ոչ ոք:
          Միամտորեն ինձ նայող այս մաքուր թուղթը դեռ գրչիս հեսանքից բան չի հասկանում: Ապշած գգվում է բառերիս մեկ-մեկ ու խոնարհ լռում:
        Իսկ ե՞ս, այտերիս իսկ չասած գաղտնիքը սրան եմ բացում... ես չեմ ափսոսում, որ ոչ իսկ երկինքը լսեց իմ լացը` նայելով թղթիս շփոթությանը:
      Մարդկային աչքեր, անտարբերությամբ լի, ո՜չ, չեն նայելու այս խոնավ թղթին: Ափսոսանքս միայն քո չլինելն է, թեփով լի պարկի մոխրացումն է,  թափված արցունքիս գոլորշացումն է ու ... այս թղթի պես խոնարհեցումս է...

6/06/2010

Վախենում եմ իմ վախից

Մինչև ատամներս զինվում եմ  անկեղծությամբ և ինքս իմ առաջ կանգնելով համարձակ խոստովանում եմ
-Վախենում եմ:
-Եվ ինչի՞ց:
- Ոչ թե խաբվելուց, ոչ թե հիասթափվելուց, ոչ արցունքներից... ես... ես վախենում եմ... երջանիկ լինելուց: Ինչպես փոքրիկ աղջիկը առնետ տեսնելով  ցատկում է աթոռի վրա, ինչպես միայնակ օրիորդը խուսափում է կեսգիշերին միայնակ դուրս գալ փողոց, այդպես էլ ես վախենում եմ, երբ օդը, բառի բուն իմաստով լցվում է թոքերումնս, սիրտս սկսում է անհոգ բաբախել, արյունս ազատ է շրջում  երակներումս, աչքերս շողում են, երբ հոգիս ապրում է... Վայրկյան իսկ չանցած հետևում է կայծակը վախի, փոթորիկը երկմտանքի. "Այն ի՞նչ էր... ի՞նչ աղետ էր... ի՞նչ չարագուշակ անդորր  էր..."
 Սարսափո՜ւմ եմ իմ վախից:

6/05/2010

ԱՆՁՐԵՎ

ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ
  


Եվ ինձ թվում է թե հիասթափությունը լցված է օդի մեջ: Արև չկա: Լույս չկա: Օդը դառն է:  Ես շնչում եմ երազներով, որոնք փուչ են: Խեղդվում եմ:






ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Աստված   անձրևը ուղարկում է միայն այն ժամանակ, երբ արցունքներս գոլորշիանալով վեր են բարձրանում ու ամպեր դառնում: Ես որոնում եմ արցունքներս ու չեմ գտնում: Երկինքն է այնժամ արտասվում ինձ համար ու իմ փոխարեն:  Երբեմն գոչումներս են գոլորշանում: Այդ ժամանակ կարկուտն է որպես մխիթարիչ իջնում գլխիս: Կարկուտը թերություն ունի: Ասում են գարնանը ծաղկած մրգատու ծառերի բերքին է վնասում: Բոլո՛րը: Չե՛մ հավատում: Իմ ու ինձ նման անձրևի խշշոցից ու ամպի որոտումից հագեցող մարդկանց հասանելիքն է ոչնչացողը: Մ՛ի խնայեք աղաչում եմ ձեզ, մ՛ի խնդրեք երկնային Տիրոջը, որ լռի անձրևը: Ես դեռ այնքա՜ն գոլորշիացած արցունքներ ունեմ:                                    

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Երկինքը դարձել է դեմք. բերան ունի ու լայն ժպտում է, աչքեր ունի ու կկոցված է, ականջներ ունի ու գոցված են: Ես նայում եմ երկնքի դեմքին: Նա լայն բացելով աչքերը հարցնում է. “Հիմա ի՞նչ ես ակնկալում ինձանից” : Երկնքի ականջները երանությունից գոցված են և ես էլ ժպտում եմ…Իմ ականջներն էլ  ակամայից չեն լսում թախիծի, հիասթափության ու կասկածի ձայները: Ես աչքերս երկնքից չեմ իջեցնում, իսկ նա կրկնում է. “Հիմա ի՞նչ ես ուզում” : Ես սրտիս բոլոր ձեռքերը վեր պարզած  և սրտիս բոլոր ատամները ցույց տալով , սրտիս  ձայնի ողջ ուժգնությամբ բղավում եմ . “ԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ”: Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս: Սիրո քուլաները տարածվեցին երկնքով մեկ… Աստված իմ, որքա՜ն դժվար նորից ներքև նայելը…     
Լրահոս