Դիմացի շենքում ընդհամնեը մեկ-երկու պատուհանից է դեռ լույս երևում:
Նրանք երևի մի բան են կիսատ թողել, որ կպել են հեռացող օրվա քղանցքից ու բաց չեն թողնում. ինչ-որ հարցեր կան, որ այս օրը պետք է պատասխանի, ինչ-որ գործեր կան, որ նորեկ օրվան չեն ուզում վստահել, գուցե մի պատառ ուրախություն է ընկել այդ պատուհաններից ներս ու փայփայում են, որ լուսաբացը չփախցնի:
Իսկ ես ոչ գործեր ունեմ, ոչ հարցեր ու իմ պատուհանից ոչինչ ներս չի ընկել....
Ես կարոտում եմ:
Առաջին անգամ եմ կարոտի իրական դառնությունը ճաշակում, առաջին անգամ եմ զգում, թե ինչ անանցանելի վիհ է այն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEikmKLZdTF6Nj6MWd4coQ8O1Llomrmr8MdPusEk8PYd6NlbOIsflFkQYurKCq7vRY974w-OHDf9DP8odSs7cz2xs0Gzg-arf9k4HEuvWaGvvRRV06Ay1LLN1f8dHQnfS3QfZKov3EFsZkw/s320/4077674894_56129155f3.jpg)
Ես տեսել եմ նրան հայելիների քառակուսիներում: Հաստատ տեսել եմ....
Ես ուզում եմ արթնացնել քնած շենքի բոլոր բնակիչներին, որ հարցնեմ. «Ո՞ւր է, ախր առանց նրա ապրել չի լինում»...
Այս հայելին արդեն նետել է պետք, ինչ-որ անգույն ժպիտ է ցույց տալիս ու չեմ գտնում այն կամակոր շուրթերը, որոնց Նարցիսի խենթությամբ հպվել էի ուզում...
Վերջին լույսերն էլ անջատեցին: Նորը օրը արդեն իր ճամփաները լուսավորելով հասել է քաղաքին: Աշնան ևս մի մունետիկ, որ պետք է դեռ քսան և մեկ ժամ պտտվի իր սառը հայացքով:
Չէ, հայելին մեղավոր չէ, հաստատ, այլ աշնան սպանող քմծիծաղն է քողարկել աչքերի կայծը, որը պատրաստ էր հրդեհել ամեն խոնավ թախիծ:
Ես էլ եմ անջատում լույսս: Իմ պատուհանն էլ դառնում է մեկն այն մութ քառակուսիներից, որոնք վիթխարի շենքին են կառչել ու միմյանցից ոչնչով չեն տարբերվում:
Մի բան է ինձ միայն մխիթարում. արևոտ հայելում տեսածս խելառ աղջնակի պես ես էլ դեռ ատում եմ աշունը:
No comments:
Post a Comment