Showing posts with label Արձակ. Show all posts
Showing posts with label Արձակ. Show all posts

5/01/2011

ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ

Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել: 
Կեսգիշերային լռությունից զատ ոչինչ չեմ պահում իրականությունից, ամենը ջնջում եմ ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ Կինը չէր մերժել անդորրը: 
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....

Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես  ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից  էլ ծանր...

4/21/2011

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Լռությունից հեռացում մի քայլ է, հեռացումից բաժանում` կես:
Երբ առաջին անգամ բառերդ կուլ ես տալիս ու նայում առաջ, նույն վայրկյանին փշրում ես մտերմության ջերմությունը...
Չգիտեմ երբ սկսեցի  սկսեցի հասկանալ սա ու չեմ էլ հիշում ինչից հետո սկսեցի հավատալ այս տեսությանը, բայց անհիշելի ժամանակներից  ես վախենում եմ չարտասանված բոլոր բառերից:
_ Արի այսօր բղավենք միմյանց վրա, նեղացնենք իրար բառերով անպատասխանատու....վիրավորվենք ու լաց լինենք, հետո...գրկենք մխիթարվելու, համբուրենք ներվելու ու ժպտանք ժպիտի ակնկալիքով....
Միայն թե արի կոտրենք լռությունը, ես սարսափում եմ նրանից: 

4/17/2011

ԿԵՆՍԱԿԱՆ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ


Քամին ավազ է բերել տուն...
Ոչ ավազն է մեղավոր, որ քամին, դուռս էր բաց անժամանակ:
Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես  հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ  համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս  փակում եմ դուռս:

4/13/2011

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ

Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է  քո մասին է հենց:
Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր...
Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում: 
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ  ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու....
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր, դու ԴԵՌԱՀԱՍ ես դարձել, վայելիր....

4/10/2011

ԵՐԿԻՆՔԸ ԻՄՆ Է

 Գարունը կամակոր է.....
Մտքերս քամին մազերիս նման տարածում է իր ուզած ուղղությամբ:
Մտքերիս հետքերով հեռու չեմ գնում, հողին եմ կառչում ու  նայում եմ վեր:
   Վերևում ես եմ..... այդպես էլ չհագած հարսանեկան զգեստի պես ճերմակ ամպերով ու կամակոր գարնան ափերով ծածկված արևի շողով: 
Երկինքը իմն է ու չեն գողանա այն ինձանից ամպրոպները սև: Երկինքը կրում է բոլոր անձևներս իր մեջ ու տրվում ,արցունքի նման...
   Երկինքը իմն է:
              Քամին մտքերս մազերիս նման տանում է իր ուզած ուղղությամբ, իսկ ես հավաքում եմ մտքերս ու ձիգ կապում եմ մազերիս նման:


3/24/2011

Չվաճառվող Բառեր

Լուսաբացից լուսաբաց մի նեղ տարածություն է, ուր մենք ստիպված ենք տեղավորել մի ողջ օրվա  հսկայական հույզեր,մտքեր, բառեր...իսկ եթե հանկարծ չհասցնես  մեկ այլ հնարավորությունդ որոնիր , բայց ոչ ապրված  օրերը քրքրելով. այտեղ ետադարձ դռներ չկան....

  Չեմ ժխտում , գարնան անձրևն էլ փչացրեց հոգուս ադորրը....Դե լավ էլի, ինչ անդորր, անունը անդորր ենք դրել մինչ դեռ ընդարմացման, անզգայացման անվերջանալի , միապաղաղ շղթա է, որը ինձ քարշ է տալիս լուսաբացից լուսաբաց:
  Հա....ինչ էի ասում...հաշվում էի....հաշվում էի բառերի գինը: Հաշվում էի պարզ տրամաբանությամբ, ինչպես շուկայում, եթե հազվագյուտ է, դժվար ճարվող` թանկ է, եթե ոտքի տակ է ընկնում առատությունից` ջրի գին ունի:
  Հաջորդ լուսաբացին մնաց վեց ժամ, իսկ ես գարնան անձրևից սթափված, ապրված օրերի հիշողությունների մեջ եմ թաղվել ու իմ ունեցած ամենանաթանկարժեք բառերի մեջ փնտրում եմ երևի արդեն փոշոտված մի բառ."ՆԵՐԻՐ.........":
  Երևի եկող լուսաբացն էլ կլուծվի  օրվա վազքի մեջ ու հաջորդը նույնպես, ինչպես մյուսները ......ու ես այդպես էլ չեմ գտնի թե որտեղ եմ թաքցրել ամենաթանկ բառը:

1/30/2011

…….. և ոչնչանում է ժամանակը

   Քաղաքներ, փողոցներ, շենքեր…որքան մեծ էր տարածություննը իմ ու քո միջև:
     Քանի անգամ մտքով դուրս էի գալիս տանից ու ընկնում ճանապարհ…անցնում էի իմ ճանաչած փողոցները, քայլում ծանոթ մայրուղիով, հասնում ձեր քաղաքը ու…մոլորվելով մտքերիս մեջ, մի ակնթարթում ետ վերադառնում:
     Եվ քանի անգամ եմ այսպես ճանապարհորդել, քանի անգամ եմ կես ճամփից ետ դարձել…գիտե՞ս: Իհարկե գիտես: Վստահ եմ, գիտես:
 Երբ տապալելով  քաղաքները,  շենքերն ու բոլոր խոչընդոտները հասանք իրար ու նայեցինք միմյանց աչքերին, տեսա , որ  դու էլ ես  հոգնել քայլելուց:
   Մենք հաղթել ենք տարածությանը , բաժանմանը, ցավին, կարոտին…ու հաղթական էին մեր համբույրները: Ու փոքր սենյակում արհամարեցինք քաղաքների մեծությունը, որ բաժանել էր մեզ:
 Ու այդ պահին դժվար էր միայն կռահել գլխապտույտ առաջացնող գինի՞ն էր թունդ,  թե՞ մեր համբույրից այրվող շուրթերն էին թեժացրել գինին:
Վառվող մոմե՞րն էին լուսավորում մեր շնչով ջերմացրած սենյակը, թե՞ այդ մենք էինք  լուսավորել աշխարհը մեր վերգտած սիրով:
Մեզ համար ամեն ինչ այնքան պարզ էր ու դյուրընկալելի, որքան հեքիաթները մանուկների համար:
  Միայն մի հարց մնաց օդում. այդ երգի՞չն էր մեր հանդիպումից հուզված նոր բառեր հորինում , թե՞ մենք էինք առաջին անգամ լսում մեր տարիներով լսած ու այդքան սիրած երգը. “ You’re so beautiful to me” …
   Ժամանակ կա դեռ հասկանալու. եթե տարածությանը հաղթել ենք , ժամանակին էլ կհաղթենք: 

1/26/2011

Երբ կսկիծն է դառնում անտանելի, ասում են, թե մոտենում է նրա վերջը: Պ.Սևակ


Հոգումս խուլ ցավ կա…Ցավն այդ հոգու խորքից է, ժամանակի խորքից…Այդ ցավը իմն է, թերևս, ես էլ այդ ցավին եմ պատկանում իմ ողջ էությամբ:
Այն նման է…ատամնացավի. Երբ ողջ մարմնիդ  կենտրոնն է դառնում մի աննշան մասնիկ ու զբաղեցնում մտքերդ:
Ես սովորել եմ դրան, հարմարվել, ընտելացել…
    Այսօր էլ ցավում է հոգիս ` ուժեղ քան երբևէ, բայց ես ժպտում եմ, ինչպես ատամնաբուժարանում, երբ բժշկի ձեռքի տակ ատամն են զգումէ վեջին անգամ:
   Այսօր ցավն այդ հաճելի է ինձ, քանզի նույն այդ հոգով զգում եմ, որ վերջը մոտ է. ցավի՞ թե՞….
 
                                 Կարծում եմ ցավի:

1/14/2011

Պատուհանդ բաց քնիր...


Ինչ իմանաս , գուցե մի խենթ հոգի քեզ կարոտի ու սիրո թևով քո գիրկը նետվի…
Գուցե անտեսած ամեն խոչնդոտ, քո գիրկը դառնա բաց պատուհանով…
Ու գուցե հարբած սիրո կարոտից, ջնջի անցյալը ու ցուրտ գիշերում նոր կրակ վառի…
   Պատուհանդ բաց քնիր:
Ի՞նչ գիտես թե երբ նա կթոթափի հպարտությունն ու վիրավորանքը, երբ կմոռանա ազգույշ արարքդ ու երբ կտենչա այն ջերմ պահերը, որ գալով փրկի կիսամեռ սերդ: 

1/12/2011

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Տանն էի. չեմ հիշում ինչով էի զբաղված, երբ հեռախոսը զանգեց.
     -     Սո՞ւս: Ձյուն է գալիս:
    _     Հետո ի՞նչ:
    -      Չասես, որ առաջին ձյունը քեզ համար խորհուրդ չունի:
    -      Առաջին ձյունը նման է առաջին սիրուն:
    _      Որ երկուսն էլ անբի՞ծ են:
    _      Ոչ, որ երկուսն էլ հետո ցեխ են դառնում:
Լռություն էր:
-         Համենայնդեպս  ռոմանտիկ զբոսանքը չէր խանգարի առաջին ձյան երջանկացնող փաթիլների ներքո:  

1/04/2011

Նոր Հրամայական

Ինչպես նորածնի շուրթերն են որոնում մոր ստինքները, այնպես էլ մտքերս են ճիչով ձգվում դեպի թղթի ճերմակությունը:  Ու մտքերս հասուն են այնքան, որ անկարող լինեմ լռեցնել նրանց, համոզեմ, խաբեմ...ես արդեն հոգնած, բայց սիրող մոր պես, ինքս ինձ սեղմելով, ինքս ինձ խեղդելով, հագուրդ եմ տալիս մտքերիս տենչին:
Մի հարցրու ինչու: Չէ որ լավ գիտես, որ ես չեմ սիրում հարցերդ բոլոր, որոնց պատասխանը ինձնից ճիշտ գիտես: Չէ որ լավ գիտեմ, որ այս անգամ էլ դու չես սխալվել:

10/31/2010

Ճերմակի սով

Ու նորից ինչու: Ինչու կա այսքան սև  աշխարհում: Սև կա ոչ միայն աշխարհի գունավորումների մեջ, այլև անաղարտ կարծված ճերմակի մեջ: Իսկ Դու ասել ես. “Մի դատիր”:  Գուցեև չեմ դատում, պարզապես գնահատում եմ…Իսկ Դու ասել ես “Քո հասկացածից ավել մի քննիր”:

8/28/2010

ԱՐԻ ԹԱՐԳԵՆՔ ԷԼԻ...

Նեղանաս թե չէ, պիտի խոստովանեմ , որ դու ինձ համար նույնն ես ինչ քո համար ծխախոտը: Կախվածություն է թե սովորություն` վտանգավոր է. քո թոքերն են ցավում, իմ` սիրտը: Ծիծաղում ես : Բայց ես լուրջ եմ ասում:
Ես երբ առաջին անգամ վախվխելով մտածեցի քո մասին, դա այնքան նման էր քո առաջին գլանակ բռնելուն: Երկուսս էլ գլխապտտույտ ենք ունեցել: Երկուսս էլ թաքուն անհարմարություններ ենք ենք զգացել:

7/01/2010

Ես կարոտել եմ

...Բայց ոչ միայն ես:
Քաղաքն է կարոտել ինձ ու քեզ:
Շիկացած ասֆալտը փնտրում է մեր խենթ ոտնաձայները...
Այն այգու կանաչը փնտրում է մեր ոտնահետքերը:  Ծառերը, որոնց շվաքում մի օր նստել ենք, սպասում են թե երբ են ականատես լինելու մեր հանդիպմանը:
Թռչունները, որոնք մի օր մեր շշուկներին էին խառնել իրենց դայլայլը, սպասում են այն ամենակարևոր բառերը լսելուն ու ծլվլալու այդ մասին: Հիշո՞ւմ ես վարդերը... ո՜նց են կարոտել մատներիդ ջերմությունից մազերիս սանձարձակությանը անցնելու խաղին: Իսկ աստղե՞րը.. մինչ օրս որոնում են այն անմեղ զույգին, որ անմեղ տենչանքով ձեռքերը հպեց երկնի անհունին..

Բնությունը կարոտում է մեզ... Ո՞ւր ես...

6/25/2010

Երկխոսություն

Մտերմացել եմ մենակության հետ: Թախիծը ինձ համբուրելով է արդեն ողջունում, տխրությունը էությունս է դարձել...
Ու՞ր եմ գնում:
Քեզ մոտ չեմ գալիս:
Ինչպե՞ս թե ինչու:
Այսպես լի ու դատարկ, այսքան տաք ու սառած, ու՞ր գամ, ո՞նց գամ: Արցունքներ չունեմ:
Ժպի՞տս:
Չէ, նա էլ չկա, իր էժանագին փոխանորդն է հիմա, որ կախված է ամեն մեկի հայացքում...
Ուրի՞շ:
Հ՜ա, սիրտս... չ՛է, նա էլ այն չէ: Սառույց է, ամբո՛ղջը, իսկ սառույցի տակ ինչ՜եր կային... Ես էլ չեմ հիշում:
Դու էլ մոռացիր:
Ես մի կյանք էի կրում իմ մեջ, որն ավարտվեց:
Հիմա մնում է...

                Քեզ ինչ, թե ինձ ինչ է մնում...

6/16/2010

Նամակ սպիտակ թղթի վրա

      Ու լաց եմ լինում բոլոր այն ճերմակ թղթերի համար, որ քեզ ուղղված նամակ չդարձան այդպես էլ: Ու գրիչս է հուզված: Մոգոնում է գունավոր բաղձանքներով լի մխիթարանքներ, որ լցնի էջիս, թե՞ սրտիս դատարկությունը... Դու մեռա՞ր արդյոք չարտասանված խոսքի փոթորկից, թե՞ ինքնասպան եղար պատասխաններ որոնելուց ուժասպառ եղած...
        Միևնույն է չկաս... Ու ցավով երբեմն գիտակցությանս մեջ ուրվագծվում է մի ճիչ "Դու չես էլ եղել": Ատամներովս պահում եմ, որ լեզուս բառերի չվերածի հոգուս ողբը, որ օդը հանկարծ չլցվի սուգով, որ երկնքի աչքը չթացանա իմ լռած ցավից...
          Միայն ես գիտեմ, գիտի գրիչս ու ... ուրիշ ոչ ոք:
          Միամտորեն ինձ նայող այս մաքուր թուղթը դեռ գրչիս հեսանքից բան չի հասկանում: Ապշած գգվում է բառերիս մեկ-մեկ ու խոնարհ լռում:
        Իսկ ե՞ս, այտերիս իսկ չասած գաղտնիքը սրան եմ բացում... ես չեմ ափսոսում, որ ոչ իսկ երկինքը լսեց իմ լացը` նայելով թղթիս շփոթությանը:
      Մարդկային աչքեր, անտարբերությամբ լի, ո՜չ, չեն նայելու այս խոնավ թղթին: Ափսոսանքս միայն քո չլինելն է, թեփով լի պարկի մոխրացումն է,  թափված արցունքիս գոլորշացումն է ու ... այս թղթի պես խոնարհեցումս է...

6/09/2010

Դու շատ մոտ ես, բայց և հեռու.

Դու չհասկացար...
Չհասկացար, թե չկամեցար հասկանալ: Ով գիտե: Աստված: Նրան չեմ դիմել: Չեմ էլ դիմի: Իմ սխալների հետևանքների մասին նրան հարցնեմ: Ես սխալվել եմ, շատ եմ սխալվել: Նորից եմ սխալվել: Ինչպես նախորդ անգամ ասում եմ ինքս ինձ. "Վերջին անգամն եմ սխալվում":
Քեզ կարոտել էի. հեռվից նայում էի ու մտածում... որ շատ եմ սխալվել:
Դու անմեղ ես:
Ես կլանված նայում էի քեզ, երբ դու կարդում էիր նամակս:
Ես պատկերացնում էի, թե ինքս եմ ասում դրանք քեզ (Ոչ, ես դրա համար չէ, որ լաց էի լինում):
Դու գլխահակ թերթում էիր գրածներս մեկիկ - մեկիկ: Դու գրեթե... Ես համարյա...
Մենք իրարից մի քանի մետր էինք հեռու:
Դու չհասկացար: Չհասկացար, թե չկամեցար հասկանալ:

(Ես դրա համար էր, որ լաց էի լինում):

6/06/2010

Վախենում եմ իմ վախից

Մինչև ատամներս զինվում եմ  անկեղծությամբ և ինքս իմ առաջ կանգնելով համարձակ խոստովանում եմ
-Վախենում եմ:
-Եվ ինչի՞ց:
- Ոչ թե խաբվելուց, ոչ թե հիասթափվելուց, ոչ արցունքներից... ես... ես վախենում եմ... երջանիկ լինելուց: Ինչպես փոքրիկ աղջիկը առնետ տեսնելով  ցատկում է աթոռի վրա, ինչպես միայնակ օրիորդը խուսափում է կեսգիշերին միայնակ դուրս գալ փողոց, այդպես էլ ես վախենում եմ, երբ օդը, բառի բուն իմաստով լցվում է թոքերումնս, սիրտս սկսում է անհոգ բաբախել, արյունս ազատ է շրջում  երակներումս, աչքերս շողում են, երբ հոգիս ապրում է... Վայրկյան իսկ չանցած հետևում է կայծակը վախի, փոթորիկը երկմտանքի. "Այն ի՞նչ էր... ի՞նչ աղետ էր... ի՞նչ չարագուշակ անդորր  էր..."
 Սարսափո՜ւմ եմ իմ վախից:

6/05/2010

ԱՆՁՐԵՎ

ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ
  


Եվ ինձ թվում է թե հիասթափությունը լցված է օդի մեջ: Արև չկա: Լույս չկա: Օդը դառն է:  Ես շնչում եմ երազներով, որոնք փուչ են: Խեղդվում եմ:






ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Աստված   անձրևը ուղարկում է միայն այն ժամանակ, երբ արցունքներս գոլորշիանալով վեր են բարձրանում ու ամպեր դառնում: Ես որոնում եմ արցունքներս ու չեմ գտնում: Երկինքն է այնժամ արտասվում ինձ համար ու իմ փոխարեն:  Երբեմն գոչումներս են գոլորշանում: Այդ ժամանակ կարկուտն է որպես մխիթարիչ իջնում գլխիս: Կարկուտը թերություն ունի: Ասում են գարնանը ծաղկած մրգատու ծառերի բերքին է վնասում: Բոլո՛րը: Չե՛մ հավատում: Իմ ու ինձ նման անձրևի խշշոցից ու ամպի որոտումից հագեցող մարդկանց հասանելիքն է ոչնչացողը: Մ՛ի խնայեք աղաչում եմ ձեզ, մ՛ի խնդրեք երկնային Տիրոջը, որ լռի անձրևը: Ես դեռ այնքա՜ն գոլորշիացած արցունքներ ունեմ:                                    

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Երկինքը դարձել է դեմք. բերան ունի ու լայն ժպտում է, աչքեր ունի ու կկոցված է, ականջներ ունի ու գոցված են: Ես նայում եմ երկնքի դեմքին: Նա լայն բացելով աչքերը հարցնում է. “Հիմա ի՞նչ ես ակնկալում ինձանից” : Երկնքի ականջները երանությունից գոցված են և ես էլ ժպտում եմ…Իմ ականջներն էլ  ակամայից չեն լսում թախիծի, հիասթափության ու կասկածի ձայները: Ես աչքերս երկնքից չեմ իջեցնում, իսկ նա կրկնում է. “Հիմա ի՞նչ ես ուզում” : Ես սրտիս բոլոր ձեռքերը վեր պարզած  և սրտիս բոլոր ատամները ցույց տալով , սրտիս  ձայնի ողջ ուժգնությամբ բղավում եմ . “ԱՊՐԵ՜Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ”: Երկինքը դեմքից փոխարկվեց սրտի ու սեր թափեց վրաս: Սիրո քուլաները տարածվեցին երկնքով մեկ… Աստված իմ, որքա՜ն դժվար նորից ներքև նայելը…     
Լրահոս