5/01/2011

ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ

Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել: 
Կեսգիշերային լռությունից զատ ոչինչ չեմ պահում իրականությունից, ամենը ջնջում եմ ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ Կինը չէր մերժել անդորրը: 
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....

Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես  ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից  էլ ծանր...

2 comments:

  1. վերջին օրերի անձրևը կարծես կախարդական լինի, բոլորս սկսել ենք գրել նրա մասին. հետաքրքիր է:

    ReplyDelete
  2. նկատեցի Իր ջան, կարծես սա էլ էր պետք, ազգս պոետ է դառնում :Ճ չէ, կատակը մի կողմ, անձրևը ստիպում ա մտածել, որ կան նաև անարև օրեր, անխուսափելի թաց օրեր,,,,իրոք պետք էր, բայց բոլ, հերիք մտածենք, արև ենք պահանջում

    ReplyDelete

Լրահոս