12/30/2011

Քեզ սպասելիս....


Գիտես քչերը գիտեն թե ինչեր են պատահել իրենց հետ երբ դեռ սաղմ էին, հետո երբ սկսեցին լսել, զգալ, հասկանալ.....Ես էլ չգիտեմ ու երբեք դա ինձ չի հետքրքրել. ես կյանքը հիշում եմ.....ես ուզում եմ դու կյանքիդ առաջին հիշողությունները բազմակետերով ամփոփելու կարիք չունենաս, ուզում եմ սերս պարուրի քեզ ու երբ մի օր հանկարծ իմ պես ցանկանաս հիշել թե երբ ես առաջին սերը ստացել, կարդաս ու ժպտաս:
Հիմա դու դեռ չես ժպտում...
Ես աշխատում եմ ժպտալ նաև քո փոխարեն, որ աչքերումդ արևներ ունենաս:
Ուզում եմ պատմել քեզ ամենաբարի հեքիաթն իմ կյանքի, որին մինչ հիմա և հավատում եմ և չեմ հասկանում:
Արարիչը մի օր տեսավ անձկությունն իմ կյանքի ու որոշեց նվիրել հրաշք, մի բան որ վաղուց չէի խնդրել, Տերը հասկացավ, որ առանց հրաշք ապրելը տխուր է ու հասկացավ, որ ես դեռ չեմ հասկացել դա ու մի օր իր հրեշտակներից մեկին ուղարկեց երկիր. պատկերացնում ես նա այնքան սիրեց ինձ, որ իր հրեշտակներից մեկին վստահեց ինձ: Չես պատկերացնում??? :) ես էլ չեմ կարողանում պատկերացնել, երբ մտածում եմ, որ մայրս էլ նույնը իմ մասին է մտածել :D Մի խոսքով, ես տագնապեցի, կասկածեցի, ուզեցի չհավատալ....դե կհասկանաս, երբ առաջին անգամ հրաշք բառը դադարի քեզ համար ուղղակի ածական լինելուց, այլ դառնա բայ ու սկսի գործել, այն էլ շատ մոտ...
Հետո անցան կասկածներն էլ, վախերն ու սկսեցի պայքարել, կորցնել, գտել, զոհել, երջանկանալ...փոխել իմ շուրջ ամեն ինչ, հանուն քեզ:
Սա քո լսած առաջին հեքիաթն է....Մի քանի ամիս անց ես այն կհասկանամ այլ կերպ, դու դեռ չես հասկանա :D
Գիտես տարօրինակը որն է? Ինձ մի տեսակ փիլիսոփա ես դարձրել: Էնպիսի բաների մասին եմ սկսել մտածել, որ ամաչում եմ խոսել, առնվազն պիտի առաձին թեզ սարքել ու պաշտպանել :D
Զարմանալիորեն դա ինձ հաճելի է թվում: Ես ինձ մեծ եմ զգում, պատասխանատու, պատրավոր հասկանալու այն ամենը, որոնց մասին առաջ գրեթե չեմ մտածել....
Հիմա գնում ենք քնելու. չեմ ուզում իմ պես բու դառնաս :D Ավելի շատ ուզում եմ հորդ պես աշխատասեր արտույտ լինես: Կարծում եմ էնքան էլ լուրջ չես ընդունի իմ քմահաճույքները ու կլինես այնպիսին ինչպիսին ուզում ես:
ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ: Բարի Գիշեր:




9/17/2011

Մաթեմատիկա

Բոլորն էլ ինչ-որ մի օր, ինչ-որ մի բան ջնջում են նորը ստեղծելու ակնկալությամբ:
Իսկ երբ նորը դատարկությունից զատ ոչինչ չի բերում, վախենում ես նորից ջնջել`անհայտ նորից հայտնի ցավը վերապրելու սարսափով:
Ես մաթեմատիկա չսովորեցի դպրոցում:
Ես հաշվել չսովորեցի կյանում:
Ես տանուլ տվեցի բոլոր հաշիվներս:
Ես գրել սովորեցի մաթեմատիկայի վանդակավոր տետրերում. գրել կյանքի, երկնքի ու սիրո մասին....
...մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել էր հարկավոր:
_Դու այդպե՞ս ես կարծում,-կհարցնես վատ քողարկված հեգնանքով ու ես էլի չեմ նեղանա, քանի որ ես էլ, դու էլ վարժվել ենք նրան, որ ես վաղուց չեմ ասում այն ինչ իրոք կարծում եմ....

Հիմա նայում եմ  այն դպրոցական աղջկան, որը սեղմվել է քո ուսին....ոչինչ էլ չի փոխվել. մատնեմատին  մի մատանի է ավելացել, սև մազերը դարչնագույն են դարձել, մի քիչ լցվել է երևի ու....էլ ոչինչ:
Եթե քջջես կյանքս ուրիշ ոչինչ չի գտնվի բացի այս անօգուտ ու անվնաս գրառումներից`կյանքի, երկնքի ու սիրո մասին....մինչդեռ հաշվել, հաշվել, հաշվել է հարկավոր:

9/12/2011

Կարոտում եմ հայելուց ժպտացող աչքերին

Քաղաքը քնեց:
Դիմացի շենքում ընդհամնեը մեկ-երկու պատուհանից է դեռ լույս  երևում:
Նրանք  երևի մի բան են կիսատ թողել, որ կպել են հեռացող օրվա քղանցքից ու բաց չեն թողնում. ինչ-որ հարցեր կան, որ այս օրը պետք է պատասխանի, ինչ-որ գործեր կան, որ նորեկ օրվան չեն  ուզում վստահել, գուցե մի պատառ ուրախություն է ընկել այդ պատուհաններից ներս ու  փայփայում են, որ լուսաբացը չփախցնի:
Իսկ ես ոչ գործեր ունեմ, ոչ հարցեր ու իմ պատուհանից ոչինչ ներս չի ընկել....
Ես կարոտում եմ:
Առաջին անգամ եմ կարոտի իրական դառնությունը ճաշակում, առաջին անգամ եմ զգում, թե ինչ անանցանելի վիհ է այն:
Ես կարոտել եմ մի լուսավոր հուգու, ով ապրել գիտեր,ով ճախրել գիտեր ու նրա ճանաչած միակ սահմանն անսահմանությունն էր: Նա երազել գիտեր ու ՀԱՎԱՏԱԼ, նա սիրել գիտեր կրակվող աչքերի ողջ ջերմությամբ:
Ես տեսել եմ նրան հայելիների  քառակուսիներում: Հաստատ տեսել եմ....
Ես ուզում եմ արթնացնել քնած շենքի բոլոր բնակիչներին, որ հարցնեմ. «Ո՞ւր է, ախր առանց նրա ապրել չի լինում»...
Այս հայելին արդեն նետել է պետք, ինչ-որ անգույն ժպիտ է ցույց տալիս ու չեմ գտնում այն կամակոր շուրթերը, որոնց Նարցիսի խենթությամբ հպվել էի ուզում...
Վերջին լույսերն էլ անջատեցին: Նորը օրը արդեն իր ճամփաները լուսավորելով հասել է քաղաքին: Աշնան ևս մի մունետիկ, որ պետք է դեռ քսան և մեկ ժամ պտտվի իր սառը հայացքով:
Չէ, հայելին մեղավոր չէ, հաստատ, այլ աշնան սպանող  քմծիծաղն է քողարկել աչքերի կայծը, որը պատրաստ էր հրդեհել ամեն խոնավ թախիծ:
Ես էլ եմ անջատում լույսս: Իմ պատուհանն էլ դառնում է մեկն այն մութ քառակուսիներից, որոնք  վիթխարի շենքին են կառչել ու միմյանցից ոչնչով չեն տարբերվում:
Մի բան է ինձ միայն մխիթարում. արևոտ հայելում տեսածս խելառ աղջնակի պես ես էլ դեռ ատում եմ աշունը:

7/17/2011

-Արի՜, ԸՆկերս, ես քեզ վստահում եմ...

էս ի՜նչ փոթորիկ ա...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...
Կնստեմ էդ Քառակուսու  ամենխուլ անկյունում,  ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց  չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր ,  երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է  կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա  իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում  հիշել Արևը,  ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...





7/12/2011

Միայն թե ամառը չվերջանա

Եթե ամառը մոտս մնա ես աշխարհը իմ ձեռքերով կփոխեմ, կանեմ անհնարն ու անիրականանալին, կստեղծեմ չտեսնվածն ու չսպասվածը, կմաքրեմ մութն ու ցավը, կսիրեմ բացվող ձեռքերիս չափ, կապրեմ ու...ԿԱՊՐԵՄ...Էլ մի թե  բառ կա սրանից զորավոր: Չկա!!!!!!!! 
Ինչո՞ւ է այսչափ արագ սահում ամառը, ինչո՞ւ է ավարտվող օրը բերում այսքան տխրություն, ինչո՞ւ եմ ամեն վայրկյան մահացու հիվանդի պես հիշում, որ այս ամենը վերջ ունի...Գիտե՞ս:
Իսկ ինձ թվում էր դու արդեն ամեն ինչ գիտես իմ մասին, մայրենի լեզվիդ այբուբենի պես սերտել ես ինձ ու աչքերիս  կրակը վաղուց բացահայտել ես...մինչդեռ ես մի անվերծանելի սեպագրի պես սառում եմ այդպես էլ չկրարդացվելու վախից:
Ամռան մի  էլ օր հալվեց իմ ափերի մեջ, հալվեց առանց ջերմացնելու ինձ, առանց վերադարձի խոստման....Ամռան մի օր էլ սպառնաց գալիք սառնամանիքի մասին ու ես էլի մնացի առանց արև, առանց ջերմություն, առանց աչքերիս կրակի, որը այրում է ամեն պատահածի, նույնիսկ ինձ, առանց փոքր ինչ տաքություն տալու:
Էլ ինչ իմաստ ունի տարին 9 ամիս սպպասել ամռանը, որ պիտի 90 օրերի յուրաքանչյուր վայրկյանին հիշեմ, որ այս ջերմությունը իմը չի, որ շուտով կլքի ինձ, որ ես էլի կդառնամ այն ինչ չկամ:
Ես իրոք ի զորու եմ փոխել իմ ու քո աշխարհը, միայն թե օգնիր, որ այս ամռան մանացած 82 օրերը ինձ համար տոն դառնան, որ ամառը իմ հոգում մի նոր եռամսյակ սկսի:


5/18/2011

ՃԱՆԱՊԱՐՀ

Ճանապարհը երկար է...
Ուզածին չհասած, բայց լացելուց հոգնած մանկան պես լռել եմ:
Ապրելուց ձանձարացած ծերունու նման հոգնել եմ:
Երկնքի չափ զարմացել ու...ցավից իմաստնացել եմ...
Տեսնես իրականությունը այս մեր ապրածն է, թե՞ մեր երազները, որը զուրկ է և մեր կոծկած անցյալից և պատկերազարդ ապագայից....
Երևի դա է իրական իրականությունը. կարծում եմ դա է.... այդպես եմ ուզում / իսկ ես արդեն վաղուց է երկնքից ոչինչ չեմ խնդրել ու գուցե այդ պատճառով է, որ պահանջում եմ ... հրամայում եմ. ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ՉԷ:
Ճանապարհը երկար է, բայց երբ մտքերը շատ են ճանապարհը կարճ է թվում, իսկ երբ մտքերը ազատվում են նեղլիկ ուղեղի ծալքերից մոլորվում ենք անհամար դարսերում այս երկրի...
Անցնում եմ մեծ դաշտերի կողքով, որտեղ աշխատում են ինձ պես, իմ տարիքի , գուցե ավելի ջահել, ավելի սիրուն աղջիկներ...իսկ ես պատուհանից մի ակնթարթ հասցնում եմ նայել նրանց ու նախանձել... հողը ուժ է տալիս ու հնարավորությունններ . մտերմանալու, լռելու, անհետանալու , երազելու ու չնկատելու:
Ճանապարհը ստիպեց հասկանալ, որ ամեն տող ցավից է ծնվում, իսկ ես կարդում եմ հաստափոր գրքեր , որ մոռանամ ցավը:
Ճանապարհը ստիպեց մտածել, որ ամեն ինչի համար կարճ ակնթարթ է տրվում ` կհասցնես տես, աչքերդ մի վայրկան փակես ետևում շատ բան կմնա, որը ետ չի վերադառնում:
Ճանապարհը սովորեցրեց, որ կյանքը սևագիր չունի, իսկ մաքրագիրը ցավով է տրվում:
Իսկ ես իրականում հասկացա, որ սկսում ես գրել,  երբ մառանում ես որ ընթերցվելու  են տողերդ:
 Հոգնեցի ճանապարհից: Ուրիշ իրականությունում չեմ հորնելու ճանապարհներ, քանզի ճանապարհը մտքերի դամբարան է, իսկ  ուզում եմ մտքերս ինձ մենակ թողնեն զգացումների հետ.....

5/05/2011

"Ո՞ՒՐ ԵՍ "

Նրա մասին երբեք չեմ գրել ոչ չհրապարակված խզբզուկներումս ոչ էլ բլոգիս 50- ից ավել գրառումներում /անկեղծ ասած երբեք չեմ հաշվել /:
Նրա մասին հաճախ օրագրումս եմ գրել, սակայն քանի որ իմ օրագիրը ինձ միայն այն ժամանակ է անհրաժեշտ երբ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ մտատանջող հարց, որը կիսել այլոց հետ չեմ ուզում /կամ հպարտությունս չի ներում/, ըստ այդմ, միայն վեճեր են այնտեղ` եսասիրական եզրահանգումներով....
Մենք տարբեր ենք, դեմ չեմ,անգամ անհամատեղելի տարբեր բնավորություններով ու կյանքի մասին պատկերացումներով, մենք քիչ թեմաների մասին  ենք առանց բռնկվելու լսում  միմյանց կարծիքներ, տարբեր են մեր անցած ճանապարհների մասին հիշողություններն ու ապագայի ձգտումները...Ես չեմ գրել նրա մասին, չէի էլ գրի, եթե.......արևոտ օրը չմթներ ու հանկարծակի անձրև չգար:
_Մամ, ես քո զանգին էի սպասում....
Ամեն անգամ,երբ տանը չէի ու այդպես անսպասելի անձրևում էր, հեռախոսս զանգում էր."Ուր ես, հո չես թրջվել...": Ու հաճախ նեղվում էի այդ ուշադրությունից, չմեծացած երեխայի հոգեբանությամբ վիրավորվում...
Այսօր տանն էի, երբ անձրև եկավ...իմ տանը, քո տնից շատ հեռու, իմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, իմ ամուսնու կողքին...բայց ես քո զանգին էի սպասում,Մամ, քո անհանգիստ "Ուր ես" հարցին....
Դու այս անգամ չզանգեցիր, երևի մտածեցիր թե աղջիկդ մեծ է արդեն, հասուն ու կայացած է ու չարժե նրան հարցնել ."Ուր ես":
Մամ, ես դեռ քո փոքրիկ աղջիկն եմ , ով այսօր ինքը քեզ զանգեց ." Ուր ես, հո չթրջվեցիր":
Լրահոս