7/17/2011

-Արի՜, ԸՆկերս, ես քեզ վստահում եմ...

էս ի՜նչ փոթորիկ ա...
Ո՞ւր ա քշում ինձ...
Ձեռ ու ոտս կապել ու տանում ա...
Ինչից բռնվե՞մ...ո՞ւմից...
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ներսս մի բան ա քանդվել, որ չի սարքվում:
Վախենում եմ սկսեմ նորրից, պիտի ամեն ինչ ամենասկզբից դասավորել, իսկ ես հոգնած եմ, ետդարձի ճամփան զզվացնում է ինձ:
Ուզում եմ առաջ գնամ...բայց էլի հայտնվում եմ էնտեղ որտեղից էկել եմ` մի կիսավեր, մութ, խոնավ, անարև Քառակուսի...
Կնստեմ էդ Քառակուսու  ամենխուլ անկյունում,  ձեռքերիս վրա կնստեմ ու երեսս ծնկներիս կսեղմեմ...Կխաղաղվեմ մի պահ, ետ գնալուց  չեմ վախենա ........Էդտեղից հետ չեն գնում, էդտեղ մահանում են Մենություն հետ, մահանում են ամեն օր ,  երբ շուրջը մարդիկ են քայլում, ուտում, գոռում, ծիծաղում...
Արդեն չգիտեմ էս փոթորիկն անիծե՞մ, թե՞ ...
Մենակությունը ամենահրաշալի ընկերություն է: Ես հավատում եմ, որ Մենությունը ցավ չի պատճառում` խաբում են այդպես ասողները:
Մենությունը պարզապես ազատում է  կեղծիքի թմրությունից...ու եթե այդ ժամանակ ցավ ես զգում, Մենությունը չի մեղավոր...ամեն մեկն էլ գիտի որտեղ ա  իրա ցավի արմատը:
ԻՆՁ ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱԲԵԼ...բայց ոչ թե նրա համար, որ չեն ցանկացել, ուղղակի ոչ ոք ունակ չի եղել ինձ խաբի էնպես ինչպես ես եմ ինձ խաբում` համոզելով, բազմագույն հեքիաթներ պատմելով, աչքերի ոգևորող փայլով...
Ես եմ ինձ խաբել, համոզել, հրապուրել, Քառակուսին հերքել եմ ու ճանապարհ եմ ընկել: Հետո երբ նորից կիսավեր, մութ Քառակուսու խոնավութունն եմ ապահովել իմ արցունքներով, չեմ անիծել, չեմ դժգոհել, չեմ բողոքել...
Ես Արևը տեսել եմ...
Հիմա օտարական եմ, հիմա ճանապարհորդ եմ էլի ու վայրկյան առ վայրկյան հեռանում եմ Քառակուսու խոնավությունը դեռ աչքերումս...
Ես Արևը էլի եմ տեսել....բայց չեմ հասկանում ինչու էս փոթորիկի ժամանակ ոչ մի կերպ չեմ կարողանում  հիշել Արևը,  ամեն վայրկյանը վերապրում եմ Քառակուսու կիսավեր, մութ, խոնավ անսահմանությունը:
-Արի, Ընկերս, արի իմ Մենությույն, ես քեզ վստահում եմ...





7/12/2011

Միայն թե ամառը չվերջանա

Եթե ամառը մոտս մնա ես աշխարհը իմ ձեռքերով կփոխեմ, կանեմ անհնարն ու անիրականանալին, կստեղծեմ չտեսնվածն ու չսպասվածը, կմաքրեմ մութն ու ցավը, կսիրեմ բացվող ձեռքերիս չափ, կապրեմ ու...ԿԱՊՐԵՄ...Էլ մի թե  բառ կա սրանից զորավոր: Չկա!!!!!!!! 
Ինչո՞ւ է այսչափ արագ սահում ամառը, ինչո՞ւ է ավարտվող օրը բերում այսքան տխրություն, ինչո՞ւ եմ ամեն վայրկյան մահացու հիվանդի պես հիշում, որ այս ամենը վերջ ունի...Գիտե՞ս:
Իսկ ինձ թվում էր դու արդեն ամեն ինչ գիտես իմ մասին, մայրենի լեզվիդ այբուբենի պես սերտել ես ինձ ու աչքերիս  կրակը վաղուց բացահայտել ես...մինչդեռ ես մի անվերծանելի սեպագրի պես սառում եմ այդպես էլ չկրարդացվելու վախից:
Ամռան մի  էլ օր հալվեց իմ ափերի մեջ, հալվեց առանց ջերմացնելու ինձ, առանց վերադարձի խոստման....Ամռան մի օր էլ սպառնաց գալիք սառնամանիքի մասին ու ես էլի մնացի առանց արև, առանց ջերմություն, առանց աչքերիս կրակի, որը այրում է ամեն պատահածի, նույնիսկ ինձ, առանց փոքր ինչ տաքություն տալու:
Էլ ինչ իմաստ ունի տարին 9 ամիս սպպասել ամռանը, որ պիտի 90 օրերի յուրաքանչյուր վայրկյանին հիշեմ, որ այս ջերմությունը իմը չի, որ շուտով կլքի ինձ, որ ես էլի կդառնամ այն ինչ չկամ:
Ես իրոք ի զորու եմ փոխել իմ ու քո աշխարհը, միայն թե օգնիր, որ այս ամռան մանացած 82 օրերը ինձ համար տոն դառնան, որ ամառը իմ հոգում մի նոր եռամսյակ սկսի:


5/18/2011

ՃԱՆԱՊԱՐՀ

Ճանապարհը երկար է...
Ուզածին չհասած, բայց լացելուց հոգնած մանկան պես լռել եմ:
Ապրելուց ձանձարացած ծերունու նման հոգնել եմ:
Երկնքի չափ զարմացել ու...ցավից իմաստնացել եմ...
Տեսնես իրականությունը այս մեր ապրածն է, թե՞ մեր երազները, որը զուրկ է և մեր կոծկած անցյալից և պատկերազարդ ապագայից....
Երևի դա է իրական իրականությունը. կարծում եմ դա է.... այդպես եմ ուզում / իսկ ես արդեն վաղուց է երկնքից ոչինչ չեմ խնդրել ու գուցե այդ պատճառով է, որ պահանջում եմ ... հրամայում եմ. ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆ ՉԷ:
Ճանապարհը երկար է, բայց երբ մտքերը շատ են ճանապարհը կարճ է թվում, իսկ երբ մտքերը ազատվում են նեղլիկ ուղեղի ծալքերից մոլորվում ենք անհամար դարսերում այս երկրի...
Անցնում եմ մեծ դաշտերի կողքով, որտեղ աշխատում են ինձ պես, իմ տարիքի , գուցե ավելի ջահել, ավելի սիրուն աղջիկներ...իսկ ես պատուհանից մի ակնթարթ հասցնում եմ նայել նրանց ու նախանձել... հողը ուժ է տալիս ու հնարավորությունններ . մտերմանալու, լռելու, անհետանալու , երազելու ու չնկատելու:
Ճանապարհը ստիպեց հասկանալ, որ ամեն տող ցավից է ծնվում, իսկ ես կարդում եմ հաստափոր գրքեր , որ մոռանամ ցավը:
Ճանապարհը ստիպեց մտածել, որ ամեն ինչի համար կարճ ակնթարթ է տրվում ` կհասցնես տես, աչքերդ մի վայրկան փակես ետևում շատ բան կմնա, որը ետ չի վերադառնում:
Ճանապարհը սովորեցրեց, որ կյանքը սևագիր չունի, իսկ մաքրագիրը ցավով է տրվում:
Իսկ ես իրականում հասկացա, որ սկսում ես գրել,  երբ մառանում ես որ ընթերցվելու  են տողերդ:
 Հոգնեցի ճանապարհից: Ուրիշ իրականությունում չեմ հորնելու ճանապարհներ, քանզի ճանապարհը մտքերի դամբարան է, իսկ  ուզում եմ մտքերս ինձ մենակ թողնեն զգացումների հետ.....

5/05/2011

"Ո՞ՒՐ ԵՍ "

Նրա մասին երբեք չեմ գրել ոչ չհրապարակված խզբզուկներումս ոչ էլ բլոգիս 50- ից ավել գրառումներում /անկեղծ ասած երբեք չեմ հաշվել /:
Նրա մասին հաճախ օրագրումս եմ գրել, սակայն քանի որ իմ օրագիրը ինձ միայն այն ժամանակ է անհրաժեշտ երբ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ մտատանջող հարց, որը կիսել այլոց հետ չեմ ուզում /կամ հպարտությունս չի ներում/, ըստ այդմ, միայն վեճեր են այնտեղ` եսասիրական եզրահանգումներով....
Մենք տարբեր ենք, դեմ չեմ,անգամ անհամատեղելի տարբեր բնավորություններով ու կյանքի մասին պատկերացումներով, մենք քիչ թեմաների մասին  ենք առանց բռնկվելու լսում  միմյանց կարծիքներ, տարբեր են մեր անցած ճանապարհների մասին հիշողություններն ու ապագայի ձգտումները...Ես չեմ գրել նրա մասին, չէի էլ գրի, եթե.......արևոտ օրը չմթներ ու հանկարծակի անձրև չգար:
_Մամ, ես քո զանգին էի սպասում....
Ամեն անգամ,երբ տանը չէի ու այդպես անսպասելի անձրևում էր, հեռախոսս զանգում էր."Ուր ես, հո չես թրջվել...": Ու հաճախ նեղվում էի այդ ուշադրությունից, չմեծացած երեխայի հոգեբանությամբ վիրավորվում...
Այսօր տանն էի, երբ անձրև եկավ...իմ տանը, քո տնից շատ հեռու, իմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, իմ ամուսնու կողքին...բայց ես քո զանգին էի սպասում,Մամ, քո անհանգիստ "Ուր ես" հարցին....
Դու այս անգամ չզանգեցիր, երևի մտածեցիր թե աղջիկդ մեծ է արդեն, հասուն ու կայացած է ու չարժե նրան հարցնել ."Ուր ես":
Մամ, ես դեռ քո փոքրիկ աղջիկն եմ , ով այսօր ինքը քեզ զանգեց ." Ուր ես, հո չթրջվեցիր":

5/01/2011

ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ

Անձրևը փակում է պատուհանս ամեն կերպ , որ չտեսնեմ մառախուղը, անարև օրը, ինձ օտարացող երկինքը....ու քանի որ չեմ տեսնում այն ինչ կա, տեսնում եմ այն ինչ ուզում եմ տեսնել: 
Կեսգիշերային լռությունից զատ ոչինչ չեմ պահում իրականությունից, ամենը ջնջում եմ ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ Կինը չէր մերժել անդորրը: 
Կինն անդորր չի սիրում, միօրինակությունից հոգնում ու վազում է դեպի իր պատրանքները, դեպի ցնորքները, ուր աղմուկ կա, կրակ կա ու մեղք....Հողեղեն չի Կինը ու հողի հանդարտությունը չի գրավում նրան ....
Հետո՞...հետո սարսափելի ճիչով ջնջում է ամենն ու սկսում սկզբից, ամենասկզբից, երբ դեռ....

Ուզում եմ այս կեգիշերն արագ սահի, որ նայեմ նոր օրվա աչքերին ու արև պահանջեմ, որ չուզենամ օրն ավարտվի, որ ապրեմ օրը իմ հորինած աղմուկով ու կրակով:
Թե չէ անցնում են օրերն ինձ անտարբեր նայելով, իսկ նրանցից հետո նստվածք է մնում իմ սև սուրճի մրուրի պես  ծանր ու թվում է, թե էլ իրավունք չունեմ թռվռան աղջիկ լինելու, քանի որ օրեր եմ ապրել, իսկ օրերը նստվածք են թողել` սուրճի մրուրից  էլ ծանր...

4/21/2011

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Լռությունից հեռացում մի քայլ է, հեռացումից բաժանում` կես:
Երբ առաջին անգամ բառերդ կուլ ես տալիս ու նայում առաջ, նույն վայրկյանին փշրում ես մտերմության ջերմությունը...
Չգիտեմ երբ սկսեցի  սկսեցի հասկանալ սա ու չեմ էլ հիշում ինչից հետո սկսեցի հավատալ այս տեսությանը, բայց անհիշելի ժամանակներից  ես վախենում եմ չարտասանված բոլոր բառերից:
_ Արի այսօր բղավենք միմյանց վրա, նեղացնենք իրար բառերով անպատասխանատու....վիրավորվենք ու լաց լինենք, հետո...գրկենք մխիթարվելու, համբուրենք ներվելու ու ժպտանք ժպիտի ակնկալիքով....
Միայն թե արի կոտրենք լռությունը, ես սարսափում եմ նրանից: 

4/17/2011

ԿԵՆՍԱԿԱՆ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ


Քամին ավազ է բերել տուն...
Ոչ ավազն է մեղավոր, որ քամին, դուռս էր բաց անժամանակ:
Երգը անձրևի պես խոնավեցրեց հոգիս....
Ոչ երգն էր մեղավոր, ոչ չորացող հոգիս:
Կարոտն էր իրենով արել աշխարհս առանց անցաթղթի ներխուժելով , բերելով մի խումբ զգացումներ, որոնք կողմնակի են, որոնց մուտքը արգելված է ինչպես  հուշերի այն կապոցի , որը չի այրվում, քանզի երգը անձրևի պես խոնավեցրել է նաև դրանք:
Ոչ հուշերն են մեղավոր, ոչ երաժիշտը, ոչ կարոտը, ոչ անձրևը...
Ես եմ մեղավոր, որ բացել էի դուռս ու ներս են եկել «կողմնակիները»:
Իսկ ներսում ոչ օդ կա, ոչ արև....
......գուցե ես էլ մեղավոր չեմ....գուցե այն ինչ  համարում ենք կողմնակի ու ավելորդ, հաճախ կենսակա՞ն է դառնում...
Համենյանդեպս  փակում եմ դուռս:

Լրահոս