Քաղաքներ, փողոցներ, շենքեր…որքան մեծ էր տարածություննը իմ ու քո միջև:
Քանի անգամ մտքով դուրս էի գալիս տանից ու
ընկնում ճանապարհ…անցնում էի իմ ճանաչած փողոցները, քայլում ծանոթ մայրուղիով,
հասնում ձեր քաղաքը ու…մոլորվելով մտքերիս մեջ, մի ակնթարթում ետ վերադառնում:
Եվ քանի անգամ եմ այսպես ճանապարհորդել,
քանի անգամ եմ կես ճամփից ետ դարձել…գիտե՞ս: Իհարկե գիտես: Վստահ եմ, գիտես:
Երբ տապալելով
քաղաքները, շենքերն ու բոլոր
խոչընդոտները հասանք իրար ու նայեցինք միմյանց աչքերին, տեսա , որ դու էլ ես հոգնել
քայլելուց:
Մենք հաղթել ենք տարածությանը , բաժանմանը,
ցավին, կարոտին…ու հաղթական էին մեր համբույրները: Ու փոքր սենյակում արհամարեցինք
քաղաքների մեծությունը, որ բաժանել էր մեզ:
Ու այդ պահին դժվար էր միայն կռահել գլխապտույտ առաջացնող գինի՞ն էր թունդ, թե՞ մեր
համբույրից այրվող շուրթերն էին թեժացրել գինին:
Վառվող մոմե՞րն էին
լուսավորում մեր շնչով ջերմացրած սենյակը, թե՞ այդ մենք էինք լուսավորել աշխարհը մեր վերգտած սիրով:
Մեզ համար ամեն ինչ
այնքան պարզ էր ու դյուրընկալելի, որքան հեքիաթները մանուկների համար:
Միայն մի հարց մնաց օդում. այդ երգի՞չն էր մեր
հանդիպումից հուզված նոր բառեր հորինում , թե՞ մենք էինք առաջին անգամ լսում մեր
տարիներով լսած ու այդքան սիրած երգը. “ You’re so beautiful to me” …
Ժամանակ կա դեռ հասկանալու. եթե տարածությանը
հաղթել ենք , ժամանակին էլ կհաղթենք: