1/04/2011

Նոր Հրամայական

Ինչպես նորածնի շուրթերն են որոնում մոր ստինքները, այնպես էլ մտքերս են ճիչով ձգվում դեպի թղթի ճերմակությունը:  Ու մտքերս հասուն են այնքան, որ անկարող լինեմ լռեցնել նրանց, համոզեմ, խաբեմ...ես արդեն հոգնած, բայց սիրող մոր պես, ինքս ինձ սեղմելով, ինքս ինձ խեղդելով, հագուրդ եմ տալիս մտքերիս տենչին:
Մի հարցրու ինչու: Չէ որ լավ գիտես, որ ես չեմ սիրում հարցերդ բոլոր, որոնց պատասխանը ինձնից ճիշտ գիտես: Չէ որ լավ գիտեմ, որ այս անգամ էլ դու չես սխալվել:

 Այո,մտքերիս քմահաճույքները տանում եմ սիրով, քանզի մտքերիս մեջ Դու կաս ու քո անվան զույգ տառերը կան, որոնք այպես են ստիպում մոռանալ ինքս իմ մասին, ինչպես մոր գրկում կուրացնող փայլող զույգ աչուկները իր նորածնի: Կրկնակի հրաշքն այդ ինձ կյանք է տալիս, բայց ոչ թե երկրորդ, այլ երրորդ-հազարերորդ կյանք: Ու ես, իսկապես, արդեն մոռացած թե ինչ եմ ուզում, ժպտում եմ խոնարհ...Նորից լռություն...Հա, մեկ էլ չեմ սիրում, երբ հարցնում ես ինձ թե  ինչ եմ մտածում, երբ դու ինքդ իմ հայացքի մեջ քո մտքերն ես շարել ու վայելում ես գոհունակ հարցով: Ինչ պատասխանեմ. որ հանձնվել եմ. թե որ քո ամուր սեղմած բռունցքից լսում եմ զարկեր, որ կրծքիս տակից պիտի լսեի:
Ավելի լավ է քեզ ասեմ այն ինչ դու ինքդ լսել չես սիրում.
-Շնորհակալություն: Շնորհակալ եմ, որ հավերժի մասին բնավ չես խոսում, որ ապագայի երազ չես հյուսում, որ չես խոստանում, որ չես երդվում, որ ինձ "արև" ու "կյանք" չես անվանում, որ կաս ու չկաս, որ իմն ես և ոչ:
Քո աչքերի մեջ սպաված չեմ ես` ոչ էլ վիրավոր: Իմ աչքերի մեջ հմայիչ ես դու`մի քիչ խենթացնող: Ու բաց աչքերով, բացված թևերով վայելում ենք սեր` առանց կարևոր բառեր ծախելու, առանց միմյանց քնքշանք պարտք տալու:

                                                       Շարունակելի....

3 comments:

  1. Լավն էր, բայց ինչևէ չնեղանաս, չի հասնի քո "Ես Կարոտել եմ"-ին Սիրահարվել եմ քո գրածների շնորհիվ: Ապրես

    ReplyDelete
  2. Իսկ Քո պարագայում լավ է Սիրահարվելը՞՞՞՞՞......այնուամենայնիվ ես իմպրեսիոնիստ եմ ու գործերս ավելի շատ ոչ թե գրական ստեղծագործություններ են, այլ զգացողություններ:Գոնե հիմա այդպես է: Կուզենայի աճել այնքան, որ <>ը նվազի գրվածքներումս:

    ReplyDelete
  3. Ես հասկացել եմ որ դուք գրում եք այն ինչ զգում եք, բայց միևնույն է, ես ուրախ կլինեի որ դուք զգայիք միայն երջանկություն որն այդ պահին կա, երջանկություն որ զգում եք... Ինչևէ շատ քիչ բլոգներում եմ հանդիպում այսպիսի նյութերի, Բռավո!!!

    ReplyDelete

Լրահոս