3/29/2011

89 ԳԱՐՈԻՆ ԱՅՍ ՓՈՇՈՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այսօր երթուղայինում մի դեպք պատահեց, որը միայն այնտեղ կարող էր պատահել, բայց հետո իմ ներսում այդ դեպքից հետո այնքան բան փոխվեց, որ հասկացա` հասարակական տարանսպաորտը անհատի ձևավորման հարցում հսկայական դեր ունի: Ես կատակ չեմ անում, որքան էլ չափազանցված թվա վերջին միտքս:
      Երթուղային բարձրացավ մի տատիկ. ավելի ստույգ նրան մի կերպ բարձարացրեց մի տղամարդ: Ներսում բոլորը խառնվեցին իրար. տեղ զիջեցին, օգնեցին նստել....տատիկը դժգոհ ու նեղված տեղավորվեց իմ ետևի նստարանին.
-Էս ծերությունը մի բան չի,- փնթփնթում էր նա,- պիտի ծայրահեղ դեպքում տնից դուրս գաս, մեկը չկա օգնի , բարձրացնի.....
Երկու կանգառ անց բարձարացավ մի ուրիշ տատիկ: Կողքիս երիտասարդը անմիջապես բարձարացավ տեղից:
-Բա դո՞ւ, այ տղա ջան:
-Կկանգնեմ, տատ ջան, ոչինչ:
-Թող զիջեն էլի, այ կնիկ, մենք մեծ ենք արդեն, իրանք ջահել են թող կանգնեն, բան չի լինի,- ետևիցս սկսեց նույն դժգոհ ձայնով խոսել այն տատիկը, -Էս ծերությունը պատիժ ա, մահ ա էլի, դանդաաաաղ մահ:
Կողքիս նստած տատիկը շրջվեց.
-Քանի տարեկան ե՞ս:
-73,-տանջվելով պատասխանեց,-դու ջահել ես հ՞ա երևում, քանիս ես՞:
-89: Էս տարի ձմռանը 90 կդառնամ,- զվարթ ձայնով պատասխանեց ու հավատացի, որ իննսունը կանցնի էլ, աշխարհի հետ հաշտ այդ կինը:
Բոլորը թեքվեցին դեպի իմ կողքը նստած տատիկը.
-Չէ, բայց իրոք ջահել ես երևում...

-Լավ էլ պահպանվել ես.....,- տարբեր շարքերից դիմում էին նրան:
-Ես որ տանը նստեի, չաշխատեի, հիմա մեռած կլինեի:
- Ի՞նչ ես աշխատում:
-Մարմնամարզություն եմ անում,- ծիծաղեց նա,-ավելը տար աջ, տար ձախ:
Վարակիչ ծիծաղը տարածվեց բոլորիս վրա: Սկսվեց քննարկում ծերության, առողջության, ճիշտ ապրելակերպի մասին, որը վարում էր 89 տարվա դժվարություն ապրած մի կին ու հորդորում կյանքին կողքից չնայել:
  Այդ զրույցին քչերը չմասնակցեցին, քչերից մեկը իմ ետևեում նստած տատիկն էր:
Վերջում վարորդը հրաժարվում էր նրանից փող վերցնել, իսկ նա պնդեց.
-Չէ, տղա ջան, դու էլ քո գործին ես: Ես համ թոշակ եմ ստանում, համ աշխատավարձ, վերցրու:
Նրա իջնելուց հետո մի տեսակ դատարկություն տիրեց երթուղայինում. քննարկումները վերջացան, ծիծաղը դադարեց, միայն մեկի ձայնը լսեցի թիկունքումս.
-Ոնց չեմ սիրում սենց շատախոս մարդկանց: Ասա, մեծ կնիկ ես, ի՞նչ ես էտքան կյանքդ պատմում, գլուխներս գնաց..........

  «ԱՊՐԵԼ, ԱՊՐԵԼ, ԱՅՆՊԵՍ ԱՊՐԵԼ, ՈՐ ՍՈՒՐԲ ՀՈՂԴ ԵՐԲԵՔ ՉԶԳԱ ՔՈ ԱՎԵԼՈՐԴ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ..............»:

-Ավլիր էս կեղտոտ աշխարհը, տատ ջան, առանց քեզ կտխրի ու փոշուց կծանրանա էս քաղաքը........

2 comments:

  1. Հզոր էր...
    ուղղակի հավեսդ տալիսա , որ տենց մարդկանց ես հանդիպում:
    չգիտեմ էլ ինչ ասեմ , երևի մի անգամ էլ կարդամ !!

    ReplyDelete
  2. Իրոք նման մարդկանց միայն նրա համար էլ արժե ամւր պահել մեր կողքին, որ իրենց կյանքով հուշեն. օրը ապրել է պետք վերջինի ու առաջինի պես. սիրով, ժպիտով...

    ReplyDelete

Լրահոս