1/12/2011

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Տանն էի. չեմ հիշում ինչով էի զբաղված, երբ հեռախոսը զանգեց.
     -     Սո՞ւս: Ձյուն է գալիս:
    _     Հետո ի՞նչ:
    -      Չասես, որ առաջին ձյունը քեզ համար խորհուրդ չունի:
    -      Առաջին ձյունը նման է առաջին սիրուն:
    _      Որ երկուսն էլ անբի՞ծ են:
    _      Ոչ, որ երկուսն էլ հետո ցեխ են դառնում:
Լռություն էր:
-         Համենայնդեպս  ռոմանտիկ զբոսանքը չէր խանգարի առաջին ձյան երջանկացնող փաթիլների ներքո:  

1/06/2011

Քաղաքական Բանավեճեր

Յուրաքանչյուր երիտասարդ, ով դյուզն ինչ հասկանում է քաղաքականությունից,  իր պարտքն է համարում ունենալ իր ուրույն ու անբեկանելի կարծիքը քաղաքական բոլոր իրադարձությունների   վերաբերյալ: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ հաճախ լսարաններում ու անգամ ժամանցի վայրերում սկսվում են այնպիսի թեժ բանավեճեր, որոնց անգամ կնախանձեր Ազգային Ժողովը: Հենց այդ կրքոտ քննարկումների ժամանակ է, որ միմյանց գտնում են իշխանամետները, բացահայտվում են ընդիմադիրները, ի հայտ են գալիս կուսակցականներ ու իրենց պետական գաղտնիքներ տրամադրող բարեկամներ ունեցող մեծախոսներ:

1/04/2011

Նոր Հրամայական

Ինչպես նորածնի շուրթերն են որոնում մոր ստինքները, այնպես էլ մտքերս են ճիչով ձգվում դեպի թղթի ճերմակությունը:  Ու մտքերս հասուն են այնքան, որ անկարող լինեմ լռեցնել նրանց, համոզեմ, խաբեմ...ես արդեն հոգնած, բայց սիրող մոր պես, ինքս ինձ սեղմելով, ինքս ինձ խեղդելով, հագուրդ եմ տալիս մտքերիս տենչին:
Մի հարցրու ինչու: Չէ որ լավ գիտես, որ ես չեմ սիրում հարցերդ բոլոր, որոնց պատասխանը ինձնից ճիշտ գիտես: Չէ որ լավ գիտեմ, որ այս անգամ էլ դու չես սխալվել:

12/12/2010

Բարև, Սուս...

Օրվա մեջ հազարից ավելի հարկադիր բարև ասելուց հետո,բարին  ավետող այդ բառը տհաճ էր դարձել նույնիսկ լսելը: Ես չէի էլ փորձում կարդալ այն մտքերը, որոնք ինձ էին հասցեագրված, բայց ամփոփված էին այդ բառի մեջ: Ու հանկարծ մի ձայն, որի հարազատ դառնալու համար անգամ վայրկյաններ չպահանջվեց:
-Բարև, Սուս:
 Ես չհարցրեցի ծանոթ ենք արդյոք: Ես պարզապես բարևի իրական իմաստը հասկացա: Զգացի ինչպես եմ փայլում օտար աչքերում, համոզվեցի, որ ամենամտերիմ կարծվածը այնքան ջերմություն չուներ աչքերում ինձ ողջունելիս, քան նա ով անունս հենց նոր կարդացել էր: Ես էլ սեղմեցի բառերը, զտեցի այնքան մինչև մի ծավալուն բարև դարձավ:
......ու հազարավոր բառերի փոխարեն Ժպիտ, որը չի թարգմանվում:
Ես ինձ այնքան ուժեղ ու կայուն զգացի այդ հայցքում, այնքան վստահելի ու գնահատված, որ պատրաստ էի, ոչ միայն կյանքս, այլև աշխարհը փոխել:
Այսօր միայն այդ բարևի կարիքն եմ զգում ու...նորից կապրեմ, նորից կապացուց,  որ սխալս մի մեծ  բան չէր, որ արժանի եմ նվաճելու իմ բարձրունքը, որ...
Սակայն երբ քաջալերիչ անցանոթ-մտերիմ բարևը հնչում է, հասկանում եմ, որ ապացուցելու ոչինչ էլ չունեմ:  Ես այսպիսին եմ.մերժված թե սիրված, պարտված թե հպարտ... և ամենևին էլ կարիք չկա ինչ-որ բան ասել:
Շնորհիվ մի բարևի ես ծանոթացա ինձ հետ, վերգտնելով այն ինչ իրականում չէի էլ կորցրել, և անկարող լինելով վերարտադրել այն քնքշությունը, որը շոյում է ականջներս ու հոգիս, պարզապես մեջբերում եմ.
_Բարև, Սուս..

10/31/2010

Ճերմակի սով

Ու նորից ինչու: Ինչու կա այսքան սև  աշխարհում: Սև կա ոչ միայն աշխարհի գունավորումների մեջ, այլև անաղարտ կարծված ճերմակի մեջ: Իսկ Դու ասել ես. “Մի դատիր”:  Գուցեև չեմ դատում, պարզապես գնահատում եմ…Իսկ Դու ասել ես “Քո հասկացածից ավել մի քննիր”:

10/30/2010

Իմ Անունը

Լինդա, Արմո, Սինդի, Անզա ու մի շարք այսպիսի ինքնաստեղծ անուններ, որոնք հայտնվում են մեր էկրաններին փորձելով համոզել, որ իրենք ինքնատիպ են ու չկրկնվող: Թե որքանով է դա այդպես մեկնաբանելու կարիք չկա, պարզապես ուզում եմ անդրադառնալ նրանց անուներին:
Մարդիկ ինչ ասես կարող են ընտրել որպես բեմական կեղծանուն, անգամ ձկան ու հյութի , միայն թե խոսվեն ու հիշվեն դրանք:

10/12/2010

Սիրիր Երևանը քո մեջ

 Երևան ջաաաան…..
Երեկ երևի այն միակ օրն էր, երբ ամբողջ քաղաքի կոկորդին միաժամանակ կանգնել էին այս բառերը:
Երեկ այն միակ օրն էր, երբ կարելի էր քաղաքը սիրել բարձրաձայն:
Երեկ այն միակ օրն էր, երբ Հյուսիսային պողոտան քարե անշնչությունից վերածվել էր ապրող քաղաքի:
 Երեկ այն միակ օրն էր, երբ Մաշտոցի պողոտայում կանգնած ավտոտեսուչը երազանքով էր հաշվում թե որերորդ առանձնատունը կունենեար, եթե արտոնված լիներ տուգանել խախտում անող հետիորդներին:
Երեկ այն միակ օրն էր, երբ երևանցին Հախվերդյանի հետ երգեց “անտերուդուրս գյուղացիները դարձան քեզ տեր ու տիրական….”, բայց հոգու խորքում հավատաց, որ Երևանը մենք ենք:
Երեկ այն միակ օրն էր, երբ  զբոսաշրջիկների ու շրջանի բնակիչների պես մենք էլ մեզ զգացինք լիիրավ քաղաքացի….
Երեկ այն միակ օրն էր, որի մասին խոսելիս չարժե բողոքել տրանսպորտից, երգիչների անճաշակությունից, փուչիկների թանկացումից ու չարժե հաշվել, թե ծախսված գումարով քանի անտուն կկշտանար:
Մեկ օր, տարվա մեջ ընդհամենը մեկ օր, էգոիստ եղիր, երևանցի, ու գոնե մեկ օր ապրի այն գիտակցությամբ,որ Երևանը Դու ես և Երևանում սիրիր Երևանը քո մեջ:    
Լրահոս