6/06/2010

Ինձ մնում է նորից աղոթել…

Նորից ընկնում եմ արքայական մեծությանդ առաջ և զարմանում. “Ինչպե՞ս”:
Հիմա դժվար է թվում . “ինչպեսը” , իսկ “Ինչու”-ի մասին վախենում եմ խորհել:
Շոգ է: Րոպեներ առաջ մողեսի  պես կպել էի եկեղեցու տաք քարերին ու արևից աչքերս բացել չկարողանալով տրվել էի այն մտքին թե աշխարհում ամեն բան իր տեղում է. թե կա ցուրտ, կա նաև շոգ, թե կա անձրև կա նաև արև, որն արցունք կերտող անձրևի բոլոր կաթիլները չորացնում է, թե կա տրտմություն, կա նաև ճիշտ այսպիսի գոհ ու երանելի վիճակ…մնում է միայն մրմնջալ. "Փառք Աստծո…”.
Դեռ շոգ էր: Եղանակի մեջ ոչ մի փոփոխություն չկար: Ես պոկվեցի  քարերի ջերմությունից, դուրս եկա եկեղեցու ետևից ու…դեռ շոգ էր:
Եկել էր քույր Աստղիկը: Չորս տարի վանքում մնալուց հետո գնացել էր ու հիմա եկել էր, որ նորից գնա: Չկարծեք թե նախադասությունս տարօրինակ է, քանզի անկապ եմ շարադրել. չէ, պարզապես ես իմպրեսիոնիստ եմ, գրում եմ անմիջական տպավորության տակ, իսկ քույր Աստղիկի այցը տարօրինակ զգացողություններ թողեց:
Նա գնում էր աշխարհ վերջնականապես: Նա դա նոր չէր որոշել և ես էլ բավական երկար ժամանակ ընտելացել էի այդ մտքին, բայց ինչ-որ կերպ նրան դեռ վանքում էի  զգում , այսինքն վանքից չանջատված մասնիկը…
Նրա իրերը դեռ իր սենյակում էր. զգեստները , գրքերը , հոգին …Այսօր նա եկավ ու տարավ այդ ամենը  /միայն հոգու հարցում մի քիչ կասկածում եմ/ : Թե ինչու գնաց չեմ ուզում գրեմ. քաղաքում արդեն իսկ այնքան լուրեր են պտտվում, որ նախընտրում եմ չլրացնել ոչ մեկին, հակասել բոլորին:
Մենք հանդիպեցինք իր սենյակում : Նա ինձ թեթև բարևեց,  ցանկանալով այդքանով եզրափակել ողջույնի դիալոգը: Ես մոտեցա ու գրկեցի նրա փոքրացած ուսերը: Նա մնաց անշարժ: Քույրերը նրա իրերը արդեն հավաքել էին և նա օտար էր զգում իր նախկին սենյակում: Ես  մուտքի մոտ կանգնել և չէի շարժվում: Երևի ես նրանց պետք է մենակ թողեի, բայց չէի ուզում: Քույր Եղիզաբեթը փորձառու միանձնուհի ճանապարհողի պես գիտեր ինչ ասել, ինչ անել:  Քույր Տաթևը կանգնել էր սենյակի կենտրոնում , մոլորված էր ավելի քան քույր Աստղիկը, ով արդեն ընդհամենը Աստղիկն է: Եվ ես հասկացա , որ ամենևին էլ իննը տարվա փորձը չէ օգնում մարդուն, որ դիմակայի նման դեպքերում,այլ… չգիտեմ, ես քույր Եղիասաբեթին վերլուծել  ի զորու չեմ:
Մենք տանում էինք նրա իրերը դուրս,իսկ նա մեր ետևից էր քայլում: Ամենավերջում ես կանգնած էի դրսում, դռան կողքին, քույրերը նրա իրերը տանում էին դեպի մեքենա, իսկ նա շփոթված նայում էր նրանց ետևից, ապա դիմեց ինձ.” Հաջողություն”: Ես նորից առանց նրա կողմից որևէ ցանկություն զգալու գրկեցի նրան. “Քեզ շատ եմ սիրում: Կաղոթեմ քեզ համար, քույր Աստղիկ”: Նա շրջվեց ու հազիվ լսելի ձայնով շնորհակալություն հայտնեց: Հետո գնաց եկեղեցու առջև խոնարհվելու: Արցունքներս այնքան բնական թվացին այդ ժամանակ, որ ուշադրություն չդարձրեցի: Ես փախա սենյակս ու…ՓԱԽԱ…Փախչելը այնքան հանգիստ եմ գրում ասես մեղք չէ, որ խոստովանում եմ: Գուցե դրա համար դուրս եկա եկեղեցու ետևից , որ առջևից ու բաց  աչքերով տեսնեմ ամենը: Ես աշխարհում չդիմացա կեղեքմանն ու փախա վանք: Վանքում չեմ դիմանում փորձություններին ու փախնում թաքնվում եմ եկեղեցու ետևում,որ արցունքներս թաքցնեմ: Ումի՞ց: Ինձանից: Երբ չոր աչքերով դուրս եմ գալիս եկեղեցուց, ինձ էլ է թվում թե չեմ կոտրվել, երբ ինչ ոչ մեկը իր հայացքով շորհավորում է աշխարհի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, ինձ էլ է թվում թե հաղթել եմ: Ո՞ւմ: Ինձ ու իմ մեջ ողողված աշխարհին: Հենց այստեղ է, որ պիտի դժվարանա քույր Աստղիկը. հաղթել աշխարհին աշխարհում:
Շնորհակալ եմ Տեր, որ լույսդ ծագեցնում ես հենց իմ սխալների ու երկմտությունների վրա:     

1 comment:

  1. Շատ հուզիչ էր, Շատ լավ էիր ներկայացրել, ապրես!!!!!!!!

    ReplyDelete

Լրահոս